Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «չի վարանի մինչեւ վերջ գնալ»


Հրանտ Մարգարյանը ելույթ ունենում համաժողովի ամբիոնից: 8-ը հոկտեմբերի, 2009
Հրանտ Մարգարյանը ելույթ ունենում համաժողովի ամբիոնից: 8-ը հոկտեմբերի, 2009

«Մենք պայքարելու ենք եւ պատրաստակամ ենք նույնիսկ իշխանությունների հետ ելք գտնել, սակայն եթե համապատասխան վերաբերմունքի չհանդիպենք, չենք վարանի մինչեւ վերջ առաջ գնալ», - հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած համաժողովում հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Իշխանափոխությունը ինքնանպատակ չէ», - շարունակեց Մարգարյանը: - «Եվ չենք գնալու վատը ավելի վատով փոխարինելու ուղիով: Վերջապես ժամանակն է, որ մեր ժողովուրդը գիտակցաբար եւ կազմակերպված իշխանության բերի մի ուժի, որից հաջորդ պահին ձերբազատվելու պատճառ չի ունենա»:

Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության արդյունքների մասին` Հրանտ Մարգարյանն ասաց, թե Սփյուռքում մարդիկ անիմաստ ու նույնիսկ ձեւական համարեցին քննարկման փուլը եւ «պոռթկացին ու ընդվզեցին, որովհետեւ այլ միջոց ու ելք չկար»։

«Ժողովուրդը դարձավ անկառավարելի ու անզուսպ: Եղան նաեւ դեպքեր, արտահայտություններ, երեւույթները ծայրահեղորեն էին գնահատում: Բայց սա բաց նյարդի հակազդեցությունն էր», - ասաց Հրանտ Մարգարյանը: - «Սփյուռքում հակազդեցությունը բուռն էր: Պետք է հարգել ու հաշվի առնել այդ կարծիքը: Մենք բոլորս՝ այստեղ թե Սփյուռքում, գործ ունենք մեր պետության անվտանգ ապագայի ու արժանապատիվ ներկայի խնդրի հետ: Սփյուռքը դեմ-հանդիման է իր գոյության իմաստը կորցնելու փաստի առջեւ»:

«Ոչ մի բան դեռ ավարտված չէ։ Օրինական քննարկումների փուլերը դեռ առջեւում են եւ ստորագրումից մինչեւ վավերացում ճամփա կա: Մեր պայքարը արդյունավորվելու է, դեռ չենք սպառել օրինական պայքարի միջոցն ու ժամանակը», - հայտարարեց նա՝ շարունակելով. - «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեմ է այս արձանագրություններին: Սա ասում ենք մեր փորձառությամբ ու պայքարով, տեսնելով ակնհայտ վտանգները: Եվ կսխալվեն բոլոր նրանք, ովքեր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը կնայեն իբրեւ Հայաստանում գտնվող 60-ից ավելի կուսակցություններից մեկը»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՀՅԴ տեսանկյունից ի՞նչ է նշանակում ելք գտնել ստեղծված իրավիճակից, պատասխանեց. - «Նախեւառաջ՝ չստորագրելը, երկրորդը՝ չվավերացնելը, երրորդը՝ առնվազն վավերացնել այնպիսի վերապահումներով, որոնք կչեզոքացնեն փաստաթղթում պարունակվող վտանգները»:

Իր ելույթում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն առանձնացրեց այն երեք կետերը, որոնց կյանքի կոչման հարցում Հայաստանի իշխանությունները հետայսու պետք է հետեւողական լինեն։ Առաջին` պաշտոնական Երեւանը Անկարայի հետ բանակացությունների ընթացքում պետք է պահանջի, որպեսզի Թուրքիայում վերացվեն այն բոլոր խոչընդոտները, օրենքները, որոնք արգելում են այդ երկրում ազատորեն քննարկել Հայոց ցեղասպանության փաստը։ Երկրորդ` Հայաստանը պետք է հայտարարի, որ եթե Ցեղասպանության հարցը ի վերջո քննարկվի պատմական հարցերով ենթահանձնաժողովում, ապա դա չի նշանակում, որ Երեւանի արտաքին քաղաքականության օրակարգից դուրս է բերվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակը։

«Եվ այս հարցում Հայաստանը չպետք է միայն հայտարարություններ անի, որովհետեւ այս ապրիլին մենք տեսանք, թե ինչ կեցվածք ունեցան իշխանությունները, երբ խոսքը գնում էր ԱՄՆ նախագահի կամ Կոնգրեսի կողմից [Ցեղասպանության ընդունման] հայտարարության մասին», - ասաց Կիրո Մանոյանը։ - «Թուրքիան անընդհատ փորձում էր տարբեր մակարդակի պատվիրակներ ուղարկելով Միացյալ Նահանգներ՝ համոզել ամերիկյան իշխանություններին, որ եթե Կոնգրեսը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ որդեգրեն կամ հայտարարություն կատարեն, դա կխանգարի Հայաստան - Թուրքիա բանակցություններին»:

Եվ վերջապես, Մանոյանը նշեց, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հետայսու Սփյուռքը պետք է որոշ մարտավարական փոփոխություններ անի։ Եթե մինչ այս շեշտը դրվում էր Ցեղասպանության փաստի ճանաչման վրա, ապա այսուհետեւ պետք է ընդգծվի նաեւ Թուրքիայի պատասխանատվության կողմը։

Հարցին, թե արձանագրությունների ուժի մեջ մտնելուց հետո չի՞ թուլանա արդյոք պաշտոնական Երեւանի աջակցությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ դա արդեն թուլացել է: Հեռանկարում չեմ տեսնում հնարավորություն պետական մակարդակով աջակցելու այդ գործին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG