Մատչելիության հղումներ

Խորհրդարանին է ներկայացվել Վերահսկիչ պալատի 2008-ի տարեկան հաշվետվությունը


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չորեքշաբթի օրը խորհրդարանին է ներկայացրել 2008 թվականի տարեկան հաշվետվությունը եւ հայտարարել, թե հիմնականում վերականգնվում են վատնած գումարները:

Մինչդեռ հաշվետվությանը կից հավելվածներից եւ տեղեկանքներից պարզվում է, որ Վերահսկիչ պալատը գյուղատնտեսության, քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարություններում, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում ու Երեւանի համայնքներում ընդամենը 47 միլիարդ դրամի ծախսերը ստուգելիս հայտնաբերվել է 8 միլիարդ դրամից ավելի խախտումներ եւ թերություններ:

Ըստ Վերահսկիչ պալատի տեղեկանքների` ընդամենը մեկ միլիարդից պակաս գումարն է վերականգնվել, մոտ մեկուկես միլարդի չափով թերությունները շտկվել են աշխատանքով: Ընդհանուր առմամբ 8 միլիարդ դրամի խախտման պարագայում շուրջ 2 միլարդը, ըստ տեղեկանքների, համարվել է անարդյունավետ ծախս:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե գեղարքունիքի մարզպետը շուրջ 2,5 միլիարդ դրամի պահանջով հայցեր է ներկայացրել դատարան: Այս մարզում արձանագրվել են կադաստրայինից ցածր գնով հողատարածքների վաճառքի դեպքեր:

Ավելի քան 940 միլիոն դրամի ֆինանսական խախտումներ եւ թերություններ են հայտնաբերվել առողջապահության նախարարությունում, գումարով վերականգնվել է մոտ 9 միլիոնը: Ըստ Վերահսկիչ պալատի տեղեկանքի` նախարարությունը փոխհատուցել է պահանջվածից 58 միլիոն դրամից ավելի արժողությամբ աշխատանքով:

220 միլիոն դրամի չարաշահումներ եւ խախտումներ կատարած գյուղնախարարությունը, համաձայն տեղեկանքի, վերականգնել է 12 միլոնը, տասնապատիկի չափով փոխհատուցել է աշխատուժով:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը խախտումներ էր հայտնաբերել նաեւ 2006-2007թվականին Կենտրոն համայնքի գործունեության ոլորտում, այն ժամանակ համայնքապետը Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էր: Մոտ 3 միլիարդ դրամի խախտման դիմաց համայնքը վերականգնել է ընդամենը 68 միլիոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG