Մատչելիության հղումներ

Գյուլը պատմական ենթահանձնաժողովում ընդգրկվելու կոչ է անում օտարերկրացի գիտնականներին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օտարեկրացի գիտնականներին կոչ է արել ընդգրկվել հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններով նախատեսված` պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովում:

«Ամեն տեսակի պնդումներ կան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի վերաբերյալ: Պարզ է, որ մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է տեղի ունեցել, որտեղ եւ ինչպես, չեն կարող որոշումներ ընդունել այդ հարցով», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Գյուլը` հավելելով. - «Մենք հույս ունենք, որ պատմաբանները, արխիվագետները կուսումնասիրեն այդ խնդիրը, իսկ մենք պատրաստ ենք ընդունել հանձնաժողովի եզրակացությունները»:

«Ցույց տալու համար, որ անկեղծ ենք, մենք նույնիսկ ասել ենք, որ եթե որեւէ երկիր հետաքրքրված է այս հարցով, եթե ֆրանսիացի պատմաբանները, օրինակ, ցանկանում են մասնակցել այդ հանձնաժողովին, նրանց մասնակցությունը կողջունվի», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը Ֆրանսիա կատարելիք իր այցի նախօրեին «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում:

Գյուլի խոսքերով` պատմական վիրավորանքներին անդրադառնալը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տասնամյակների թշնամանքը հաղթահարելու ուղղությամբ կարեւորագույն քայլերից է:

«Եթե ներկայում շարունակենք ապրել անցյալի խնդիրներով, մենք միայն կթունավորենք ապագան», - ասել է Թուրքիայի նախագահը` կոչ անելով «հավասարակշռված» ներկայացնել պատմությունը:

«Չպետք է մոռանալ, որ մենք նույնպես շատ ենք տառապել աշխարհի չորս ծագերում, Բալկաններում, Կովկասում: Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել գաղթել Բալկաններից, Միջին Արեւելքից, Կովկասից Թուրքիա, եւ ճանապարհին նրանց կեսը սպանվել են, մահացել», - ասել է Գյուլը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անցած շաբաթ համահայկական ուղեւորությունը սկսելուց առաջ The Armenian Reoprter թերթին տված հարցազրույցում անդրադառնալով պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի թեմային, ասել էր. - «Կուզենայի հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արվել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական հանձնաժողովի մի ենթահանձնաժողով է, որի վերաբերյալ հակաառաջարկը ժամանակին արվել է հայկական կողմից: Ենթահանձաժողովի նպատակն է երկու կողմերի միջեւ պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը: Սա երկարատեւ գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը: Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որեւէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը: Ստեղծվելիք հանձնաժողովի եւ դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգություն ունեն, պետք է գիտակցեն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձեւակերպումներ, որոնք վիրավորական կարող են լինել հայ ժողովրդի համար»:

Համահայկական ուղեւորության ընթացքում եւս Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: «Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները», - մասնավորապես, ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG