Մատչելիության հղումներ

Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր միացան ՀՅԴ-ի հայտարարությանը՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների


Երեքշաբթի օրը 11 հայաստանյան քաղաքական ուժեր միացան Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնած հայտարարությանը, որը պահանջում է «չստորագրել հրապարակված [հայ-թուրքական] արձանագրությունները այս տեսքով» եւ իրականացնել «արձանագրություններում տեղ գտած վտանգները «չեզոքացնող փոփոխություններ»:

Դաշնակցության հայտարարությանը միացած կուսակցությունների շարքում են Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգություն»-ը, Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ»-ը, Ժողովրդական կուսակցությունը՝ Տիգրան Կարապետյանի ղեկավարությամբ, Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ արիների միաբանությունը, մի շարք այլ կուսակցություններ:

Տարածված հայտարարության մեջ այս քաղաքական ուժերը Թուրքիայի սահմանների ճանաչման կապակցությամբ նշում են, որ «Մոսկվա - Կարս պայմանագրից բացի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանները ամրագրող այլ պայմանագիր գոյություն չունի». - «Ուստի ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ որպես անկախ պետություն վավերացնում ենք այդ պայմանագրի՝ Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը»:

Հայտարարությամբ մտահոգություն է հնչեցվում նաեւ պատմական հարցերի ենթահանձնաժողովի ստեղծման դրույթի կապակցությամբ. - «Չստեղծելով անհրաժեշտ որեւէ նախապայման Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, կասեցվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»:

Մտահոգություն է հնչեցվում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների ժամանակային առումով «փաստացի փոխպայմանավորման» կապակցությամբ, նաեւ այն առիթով, որ ամրագրվել է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ ազգերի ինքնորոշման մասին խոսք չկա:

«Այսպիսով՝ Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր հաջորդ նախապայմանի բավարարմանը՝ «պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:

Ներկայացնելով հայտարարությունը՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ հայտարարությունը բաց է եւ բոլոր նրանք, ովքեր ընդունում են իրենց մոտեցումները եւ համաձայն են միատեղել ջանքերը, կարող են միանալ դրան:

«Ես վստահ եմ, որ իրավիճակը իսկապես չափազանց լուրջ է, պատասխանատու, եւ այն քաղաքական ուժերը, որոնք այս հայտարարության տակ ստորագրել են, սկիզբ են դնում այնպիսի մի միասնական ճակատի ձեւավորման, որը հնարավորություն կտա կանխել մեզ համար անցանկալի, կորստաբեր զարգացումները», - ասաց նա՝ շարունակելով. - «Կոնկրետ քայլերը կբխեն այն գործընթացից, որ պիտի իրականացվի: Բնականաբար, մենք դեռ մեծ հույս ունենք, որ չի ստորագրվի այս փաստաթուղթը: Եթե ստորագրվեց, դրանից հետո մի նոր փուլ կսկսվի՝ վավերացման փուլ, դրա հետ կապված խնդիրներ... Միասին կորոշենք՝ որ ձեւն է ավելի արդյունավետ կիրառել՝ ի վերջո, որ սա ուժ չստանա»:

Հարցին, թե առաջարկվել է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին միանալ այս հայտարարությանը, Ռուստամյանը արձագանքեց. - «Մենք ՀԱԿ-ին՝ որպես ամբողջություն, չենք դիմել, բայց որոշ կուսակցությունների հետ ՀԱԿ-ի մեջ առկա, խոսել ենք: Իրենք նույնպես մտահոգություններ արտահայտել են, բայց, երեւի, քաղաքական խնդիրներից ելնելով, այս կամ այն պատճառաբանությամբ, չեն միացել այս հայտարարությանը»:

«Այս միավորումը իր էության մեջ մաքուր է, անկեղծ է, եւ ազգային քաղաքական ուժերը, ես վստահ եմ, որ պետք է գան այս դաշտ», - եզրափակեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG