Մատչելիության հղումներ

Վահագն Հովնանյանի կարծիքով` հայ - թուրքական սահմանը պետք է վերաբացվի


Հայ - թուրքական սահմանի վերաբացումից հետո կյանքը Հայաստանում կէժանանա, որովհետեւ ապրանքներ գալու նոր ճամփաներ կբացվեն: Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ամերիկահայ հայտնի բարերար, մեծահարուստ Վահագն Հովնանյանը:

Հովնանյանի խոսքերով` նոր պայմաններում էլ չի լինի այնպես, որ մի հոգին կկարողանա փայտ բերել, մյուսը` գազ բերել, մեկն էլ` բենզին բերել: Նա շարունակեց, թե նախկինում ինքն էլ էր կոշտ տրամադրված Թուրքիայի նկատմամբ, սակայն բնակվելով Հայաստանում եւ տեսնելով, թե ինչ դժվարություններ կան հայրենիքում, գտնում է, որ հայ - թուրքական սահմանը պետք է վերաբացվի:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե որքանով են հիմնավորված Սփյուռքի այն հատվածների մտահոգությունները, որոնք դեմ են հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմանը, Հովնանյանը ասաց. - «Նորմալ զգացումներ են, մենք միշտ ունեցել ենք Թուրքիայի դիմաց, իրենց հյուպատոսությունների դիմաց ցույցեր ամեն ապրիլի 24-ին: Բոլորս հավաքվում-գնում էինք Թուրքիայի դեսպանատների դիմացը եւ ցույցեր էինք անում»:

Այդուհանդերձ, Վահագն Հովնանյանը չհամաձայնեց այն կարծիքին, թե հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը կխոչընդոտի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին. - «Չի կարող: Քանի՞ երկրներ են ընդունել մեր ցեղասպանությունը` 22, իսկ Ամերիկայի նահանգներից 44-45-ը արդեն ընդունել են: Սահմանի բացումից հետո հաջորդ օրը կարող ենք տանել իրենց [թուրքերին] դատարան` մեր հարցը պաշտպանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG