Մատչելիության հղումներ

Բուքիքիոն «լուրջ առաջընթաց» է տեսնում Հայաստանում


«Հայաստանը լուրջ առաջընթաց է ապրել ժողովրդավարության հաստատման առումով, բայց ասեմ, որ իրավիճակը պետք է ավելի բարելավել, քանզի այս երկիրը պետք է դառնա շատ ավելի ժողովրդավարական», - շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոն։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե անցած տարվա նախագահական ընտրություններից եւ մարտյան դեպքերից հետո՞ էլ նա համարում, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է ապրել ժողովրդավարության հաստատման ճանապարհին, Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը պատասխանեց. - «Իրականում կարծում եմ, որ 1995 թվականի համեմատ [ժողովրդավարության] իրավիճակը շատ ավելի ազատ է եւ շատ ավելի զարգացած, եւ դուք, այդ հարցերը տալով, հասկանում եք, որ իրավիճակը շատ ավելի լավն է։ Բայց կրկնեմ այն, ինչ ասացի երեկ, երբ ինձ շնորհեցին Հայաստանի Պատվո շքանշանը, որ դեռ շատ մեծ աշխատանք կա կատարելու եւ շատ մեծ ճանապարհ կա անցնելու, որպեսզի այն, ինչի դուք հասել եք, այն ժողովրդավարությունը, որը դուք ցանկանում եք տեսնել, դառնա կայուն։ Չեմ կարող ասել, որ այսօր իրավիճակը Հայաստանում ավելի վատն է, քան տասնհինգ տարի առաջ։ Կարծում եմ, որ դուք ինձ հետ համաձայն կլինեք, որ շատ ավելի լավն է։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր գոհ չեն, եւ դա նորմալ երեւույթ է։ Նրանք ճիշտ են, որովհետեւ իրավիճակը կարելի է բարելավել»։

Մեկնաբանելով դիտարկումը, որ թեեւ Հայաստանի օրենսդրությունը իր շատ կողմերով մոտ է կամ նույնիսկ համահունչ է եվրոպական չափանիշներին, սակայն գործնականում մենք շատ հեռու ենք եվրոպական օրենքներով ապրող երկիր լինելուց՝ Բուքիքիոն ասաց. - «Հայաստանի խնդիրը հենց դա է։ Այո, օրենսդրությունն իրապես վատը չէ տեքստային առումով, չնայած կարելի է որոշ կողմեր բարելավել, բայց իրական կյանքում օրենսդրության կիրառական մեխանիզմները բարելավված չեն եւ դա պետք է բարելավել։ Ես խոսեցի երթերի, հանրահավաքների օրենքի մասին։ Երբ անցած տարվա մարտ ամսին այդ օրենքի մեջ կատարվեցին շատ կոպիտ փոփոխություններ` ելնելով ձեզ հայտնի իրավիճակից, մենք միանգամից դա քննադատության ենթարկեցինք եւ ասացինք, որ այդ փոփոխությունները պետք է հանվեն, եւ նորից բարեփոխվեց այդ հին օրենքը։ Եվ իշխանությունները նույնիսկ առաջ գնացին ու ավելացրեցին, թե ինքնաբուխ տեղի ունեցող երթերին, հանրահավաքներին էլ թույլտվություն պետք է տրվի։ Ինչո՞ւ։ Ուրեմն օրենքը լավն է, բայց գործնականում այն լավ չի կիրառվում, որովհետեւ ոստիկանության կողմից տրված թույտվությունները որեւէ կերպ հիմնավորված չեն` թե ինչու ոչ, կամ ինչու այո։ Եվ եթե կազմակերպիչը ցանկանում է գնալ դատարան եւ բողոքել, թե ինչու իրեն թույլ չեն տալիս երթ անցկացնել, դատարանը բավարար փաստարկներ չի գտնում, որպեսզի որոշում կայացնի։ Ի վերջո, տեղի է ունենում այն, որ տվյալ կազմակերպությունը չի դիմում դատարան, որովհետեւ նախապես գիտի դատարանի պատասխանը, եւ արդյունքում տեղի է ունենում լրիվ չեզոքացվում է դատարանի դերը ու դա շատ վատ է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG