Մատչելիության հղումներ

Ռոբեր Հատտեճյան. «Թուրքիայի հայերի տեսակետը սահմանի հնարավոր բացման վերաբերյալ, անշուշտ, դրական է»


Թուրքիայում ապրող հայերի տեսակետը հայ - թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ, Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի վկայությամբ, «անշուշտ, դրական է»:

«Արդեն շատ նորմալ է, շատ բնական է, որ Թուրքիայում ապրող հայերը տեսան, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանները բացվում են», - ասաց Հատտեճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում:

«Սփյուռքում գաղթօջախներ կան, որտեղ կարծում են, որ եթե բացվի հայ - թուրքական սահմանը եւ կառավարությունը գնա դիվանագիտական հարաբերությունների հաստատման, կնշանակի, որ այժմյան ղեկավարությունը ուրանում է Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայո՞ւմ ինչպես են այդ գնահատականին վերաբերվում», - այս հարցին «Մարմարա»-ի խմբագիրը պատասխանեց. - «Այդպիսի մտածում մեր կողմից գոյություն չունի, այդպիսի բան չկա, եւ մենք արդեն հարաբերություն կուզենք տեսնել»:

«Անձամբ ես էլ չեմ կարող հասկանալ` սահմանները բացելը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ի՞նչ կապ կարող է ունենալ ցեղասպանությունը ճանաչելու կամ չճանաչելու խնդրի հետ: Դա ուրիշ խնդիր է, բոլորովին այլ խնդիր է, եւ արդեն թուրքական մամուլում էլ մի քանի կարեւոր հոդվածագիրներ գրեցին, որ երբ Թուրքիան Հայաստանին առաջարկում է ստորագրել այս արձանագրությունը, արդեն շատ լավ գիտե, թե հայերը այս արձանագրությունը ստորագրելով բացարձակապես չեն հրաժարվելու ցեղասպանության իրենց տեսակետից: Թուրքիան սա գիտե, եւ սակայն տարբեր նպատակներ կարող է հետապնդած լինել», - ասաց Ռոբեր Հատտեճյանը: - «Ամեն դեպքում, մի փոքր սխալ կլինի կարծել, որ սահմանները բացելը կամ հարաբերությունների հաստատումը անպայման պետք է նշանակի ցեղասպանության ուրացման ճամփա բանալ»:

Հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման դեպքում Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացման հնարավորությանը վերաբերող հարցին «Մարմարա»-ի խմբագիրը արձագանքեց. - «Կվավերացվի կամ չի վավերացվի` այնքան էլ հստակ չէ: Ընդհանրապես, կառավարությունը շատ վստահ չէ, որովհետեւ թուրք քրոնիկագիրները իբրեւ օրինակ հիշում են Իրաքում` սահմանից այն կողմ գործողություններ անելու կապակցությամբ 2-3 տարի առաջ խորհրդարանի տված հակասական որոշումը: Այդպիսի նոր անակնկալ այս արձանագրությունների պարագայում էլ կարող է պատահել, եւ մինչեւ իսկ այսօր իշխանության գլուխ գտնվող կուսակցության պատգամավորները կարող են միանալ ընդդիմադիր պատգամավորներին եւ նրանց հետ միասին դեմ քվեարկել: Այնպես որ, դա էլ անհավանական չէ»:

«Լավատես չեմ, որոշ թերահավատություններ ունեմ: Թուրքիայի տեսանկյունից շատ կարեւոր մի ազդակ` Ադրբեջանի ազդակը որոշ դժվարություններ է ստեղծելու նրանում, ինչ կառավարությունը ցանկանում է անել», - ամփոփեց Ռոբեր Հատտեճյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG