Մատչելիության հղումներ

Համանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին Ղարաբաղի ղեկավարության հետ


Մինսկի խմբի համանախագահները, Երեւան, 1 հոկտեմբերի, 2009
Մինսկի խմբի համանախագահները, Երեւան, 1 հոկտեմբերի, 2009

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը ուրբաթ օրը ժամանեցին Ստեփանակերտ, որտեղ հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Հանդիպումից հետո միջնորդները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մասնավորապես, ասաց, թե հույս ունեն, որ Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը եւս մի նոր հանդիպման հնարավորություն կստեղծի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք հստակեցվել եւ համաձայնեցվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հիմնական կետերը, Մերզլյակովը արձագանքեց, որ այո, կարելի է ասել, որ հիմնական հարցերը արդեն հստակեցվել ու համաձայնեցվել են: Միաժամանակ, նա հրաժարվեց պարզաբանել, թե ո՞ր սկզբունքների մասին է խոսքը:

Համանախագահները նաեւ հայտարարեցին, որ հայ - թուրքական հարաբերությունները ոչ մի առնչություն չունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Ի պատասխան լրագրողների հարցի, թե ե՞րբ է վերջապես Լեռնային Ղարաբաղը վերադառնալու բանակցային գործընթաց, քանի որ կար նաեւ համանախագահների կողմից կարծիք, որ կգա մի փուլ, որին կմիանա Ղարաբաղը` որպես բանակցային կողմ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց. - «Նախ եւ առաջ, կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միանալը կախված չէ համանախագահներից: Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են նախկինում, հետո դա, դուք հրաշալի գիտեք, դադարեց հայկական կողմի որոշման հետեւանքով, սակայն այժմ [Ղարաբաղի] միանալը [բանակցություններին] այլեւս միա'յն հայկական կողմից չէ կախված, այլեւ, իհարկե, [կախված է] միաժամանակ` ադրբեջանական կողմից»:

«Դա շատ դժվարին հարց է, որը միա'յն համանախագահներից չէ կախված», - շեշտեց ֆրանսիացի միջնորդը:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նույն հարցի կապակցութամբ ասաց, թե «եթե այդ պահն ավելի շուտ չլինի, ապա կլինի համաձայնագիր մշակելու ժամանակ». - «Դա կլինի Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համաձայնագիր, որն առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հնարավոր չէ, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է»:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ ռուսաստանցի համանախագահն ասաց, որ դրան բավարար երաշխիքներ են տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ հավելելով, այդուհանդերձ. - «Ամեն ինչ կախված է կլինի դրանց իրագործումից»:

Բեռնար Ֆասիեն այս կապակցությամբ հավելեց, թե կստեղծվեն այնպիսի պայմաններ, որ Լեռնային Ղարաբաղն այլեւս «չլինի վախի մեջ», «ունենա ավելի քիչ վտանգներ, քան այսօրվա ստատուս քվոյի պայմաններում». - «Մենք կարող ենք ստատուս քվոյի համեմատությամբ ամրապնդել Ղարաբաղի անվտանգությունը»:

Համանախագահները Ստեփանակերտ են մեկնել Երեւանից, ուր նախօրեին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հոկտեմբերի 4-6-ը միջնորդները նախատեսում են լինել Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG