Մատչելիության հղումներ

Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունում է հայ - թուրքական գործընթացը


Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` «ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման»:

Չորեքշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած ժողովում ընդունված հայտարարությունում Գերագույն հոգեւոր խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները:

Միաժամանակ, ըստ հայտարարության, «Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսեւորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես եւ` հայ - թուրքական հարաբերությունների նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձեւումների եւ գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն հոգեւոր խորհուրդը բնական եւ հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները»:

«Այս համատեքստում Գերագույն հոգեւոր խորհուրդը վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես եւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը եւ հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու եւ պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները», - ասված է հայտարարությունում, որը տրամադրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Գերագույն հոգեւոր խորհուրդը «հորդորում է ազգի բոլոր զավակներին դրսեւորել առավելագույն իրատեսություն եւ շրջահայացություն, որպեսզի խուսափենք ազգավնաս բեւեռացումներից եւ միաբանության մեջ դիմագրավենք մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները», եւ «Տիրոջ զորակցությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունն է հայցում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի բարեհաջող հանգրվանի առաջնորդեն հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` հանուն մեր ժողովրդի նվիրական ու կենսական շահերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG