Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը տարակերպ է ընկալվում Հայաստանում


Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը առաջիկայում տարբեր կերպ է ընկալվում հայաստանյան հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից:

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Մարկետինգի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Վարդանյանի համոզմամբ, օրինակ, սահմանի բացումը «միանշանակ կբերի մեր տնտեսության զարգացմանը». - «Բոլոր ասպարեզներում որեւէ կասկած չկա, որ տնտեսության նոր հատվածներ կառաջանան, որեւէ կասկած չկա, որ աշխուժությունը այնքան մեծ կլինի, որ դա նպաստելու է, որ միջին բիզնեսը զարգանա: Որովհետեւ թուրքերի ձեռնարկատիրական մղումները եւ նրանց ներթափանցելու մեծ ունակությունը... շատ բարձր է: Ձգտումը շատ մեծ է, որ մեզ հետ համագործակցեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սահմանի բացման դեպքում արդյո՞ք չի տուժի տեղական արտադրողը՝ հաշվի առնելով, որ կա մտահոգություն, որ թուրքական էժան ապրանքը կարող է հեղեղել մեր շուկան եւ ի վերջո կործանել տեղական արտադրողին, Վարդանյանը արձագանքեց. - «Ինչքան սահմանները բաց, այնքան կստիպի տեղական գործարարին, որ նա արտադրի ավելի մրցունակ արտադրանք: Դրա համար նա պետք է գումարներ ծախսի հետազոտությունների վրա, գումարներ պետք է ծախսի իր աշխատակազմի վրա... Ամեն պահի պետք է մտածեն նոր արտադրանք, նոր ծառայություններ շուկա դուրս բերելու մասին»:

Հայաստանյան բեռնափողադրող խոշոր ընկերություններից «Ապավան»-ի տնօրեն Գագիկ Աղաջանյանի խոսքով, սահմանի բացման դեպքում մեր արտադրողների համար ավելի մեծ շուկա եւ ավելի մեծ հնարավորություններ են բացվում: Նրա խոսքով, եթե հիմա հայաստանյան ընկերությունները Վրաստանի տարածքով բեռներ տեղափոխելու համար կրկնակի ավելի են վճարում, քան ադրբեջանական ընկերություննները, ապա սահմանի բացման դեպքում այդ «քաղաքականությունը կվերանայվի», քանի որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր եւ դեպի Թուրքիա «ավելի կարճ եւ շահավետ ճանապարհ կարող ենք առաջարկել»:

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Ամալյա Կոստանյանը, մինչդեռ, վստահ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը չի կարող նպաստել մեր տնտեսության զարգացմանը եւ խթանել մրցակցությունը, քանի որ Հայաստանում «սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը», եւ գործարար ոլորտը գրեթե ամբողջովին վերահսկվում է իշխանություննեի կողմից:

«Երբ ինձ համոզում են, որ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո մեզ մոտ խթանվելու է մրցակցությունը, ես չեմ հավատում դրան, որովհետեւ եթե այդ բիզնեսմենները գալիս են եւ չեն խաղում խաղի կանոններով, չեն հետւեւում կոռումպացված կառավարությունը, ո՞վ է ասել, որ իրենք կկարողանան խթանել մրցակցությունը մեր երկրում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոստանյանը: - «Եզրակացություն է արվում եւ ներկայացվում հանրությանը, որ դա լուծում է լինելու մեր տնտեսական ճգնաժամի: Չի լինելու դա լուծում: Որովհետեւ պետք է քաղաքական կոռուպցիան նվազեցնել եւ դրանով խթանել մրցակցությունը՝ նույնիսկ փակ սահմանների պայմաններում»:
XS
SM
MD
LG