Մատչելիության հղումներ

Դաշնակցության կարծիքով Սերժ Սարգսյանը այլեւս ոչ մի քաղաքական հենարան չունի


Հայաստան -- ՀՅԴ-ի բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արխիվ
Հայաստան -- ՀՅԴ-ի բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արխիվ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ամբողջությամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հավանական հենարանները։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի այսպիսի կարծիք հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Նախագահը հայտնվեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի հենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր», - կարծիք հայտնեց Մարգարյանը. - «Այլեւս, իր իշխանությունը խախուտ է։ Որքանով դա կերկարաձգվի՝ ես չգիտեմ»։

Հրանտ Մարգարյանի փոխանցմամբ, վերջերս նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ հասարակական քննարկում է տեղի ունենալու։ Մարգարյանի կարծիքով, սակայն, այդպիսի քննարկում չկա։ Ավելին, արհեստականորեն ստեղծվում է իշխանությունների տեսակետին համահունչ քարոզչական մթնոլորտ։

«Այն, ինչ որ ծրագրված է, որ տեղի ունենա, եւ այն ձեւով, որ տեղի է ունենում, շատ վատ հետեւանքներ է ունենալու առաջին հերթին հենց իշխանությունների համար», - կարծում է Մարգարյանը. - «Իշխանափոխություն անպայման տեղի կունենա, բայց ե՞րբ տեղի կունենա՝ չգիտեմ»։

ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցչի փոխանցմամբ, սակայն, Դաշնակցության նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը ձախողելը։

Սեպտեմբերի 15-ից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները հացադուլ եւ նստացույց են անցկացնում Հայաստանի արտգործնախարարության եւ կառավարության շենքերի առջեւ՝ իրենց բողոքն է արտահայտելով արձանագրությունների դեմ։

Կուսակցությունը, մասնավորապես, անհանգստություն է հայտնել արձանագրություններում առկա այն դրույթների առնչությամբ, որտեղ խոսվում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման ու պատմական փաստաթղթերի ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին։ ՀՅԴ-ի մեկնաբանմամբ, այս դրույթները սպառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

«Վստահ եմ, որ ժողովուրդը չի հանդուրժելու», - ասում է Մարգարյանը՝ հավելելով, թե ժողովրդին համախմբելու նպատակով հոկտեմբերի 9 -ին ՀՅԴ-ն երթ է կազմակերպելու։ Երթը, սկսվելով Հանրապետության հրապարակից, շարժվելու է դեպի նախագահի նստավայր, այնտեղից էլ՝ Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդում տեղի է ունենալու մեծ հանրահավաք:

Հրանտ Մարգարյանի համոզմամբ, նույնիսկ եթե նախագահը չլսի ժողովրդի ձայնը ու ստորագրի այդ արձանագրությունները, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է. - «Ստորագրելով ամեն ինչ չի վերջանում։ Ժողովուրդը ոտքի կկանգնի, իրենք կպարտավորվեն մի կողմ քաշվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG