Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թեհրան պաշտոնական այցի շրջանակներում երեկ հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի եւ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը եւ Ալի Լարիջանին քննարկել են վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ - իրանական ամուր ու բարեկամական հարաբերությունները բխում են երկու երկրների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցություններում, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացում վերջին զարգացումները:

Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Ալի Լարիջանիին Հայաստան այցելելու իր հրավերը:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի հետ համագործակցության ծրագրերը, ապա զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրանում Հայաստանի դեսպանություն, ուր հանդիպում է ունեցել Թեհրանում աշխատող հայ դիվանագետների հետ:

Այսօր տեղի կունենա Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG