Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ


Տիգրան Առաքելյանը դատարանի շենքի մոտ, 8 հուլիսի, 2009
Տիգրան Առաքելյանը դատարանի շենքի մոտ, 8 հուլիսի, 2009

Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի օրը մերժեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, հուլիսի սկզբից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի էլբակյանի դիմումը՝ վերացնել կամ գրավով փոխարինել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ խափանման միջոցը փոխելու դիմում ներկայացնելու հիմնական պատճառը Տիգրան Առաքելյանի առողջական ծանր վիճակն է:

Առաքելյանի կալանքի ժամկետը արդեն երկու անգամ երկարաձգվել է, այդ ընթացքում նա երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել իրեն:

Վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի մինչեւ 6 ամիս քննություն կատարելու, այսինքն` կարող է եւս երկու ամսով երկարաձգել Առաքելյանի կալանքի ժամկետը:

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին` ընդդիմության հուլիսի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Առաքելյանի մեղադրանքի ծավալը օրերս ավելացվեց. այժմ նա, բացի խուլիգանությունից, մեղադրվում է նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, որի համար որպես պատիժ սահմանված է 5-10 տարի ազատազրկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG