Մատչելիության հղումներ

«Սառը խաղաղություն. Կոսովո եւ Կովկաս»


«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը օրերս հրատարակել է Բալկանյան տարածաշրջանի զարգացումները լուսաբանող հարավ-սլավոնական ծառայության աշխատակից Դրագան Շտավյանինի գիրքը, որը վերնագրված է՝ «Սառը խաղաղություն. Կոսովո եւ Կովկաս»։

Ծագումով սերբ լրագրողը փորձում է զուգահեռներ անցկացնել բալկանյան ու կովկասյան հակամարտությունների միջեւ։ Նրա համոզմամբ, Կոսովոյի անկախության ճանաչումը չէր կարող անհետեւանք մնալ։ Որքան էլ պնդել է Արեւմուտքը, որ Կոսովոյի խնդիրն իր էությամբ բացառիկ է եւ նախադեպ չի հանդիսանա, ակնհայտ էր, որ վաղ թե ուշ անջատողական այլ երկրամասեր կհետեւեն այդ օրինակին։ Այդպես էլ եղավ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում։

«Ղարաբաղը, իհարկե, Հարավային Կովկասի ամենաբարդ խնդիրն է։ Ես ոչ թե հոռետես եմ, այլ իրատես։ Եթե կար հակամարտություն, որն ավարտվեց պատերազմով, ավերածություններով, զոհերով, եւ եթե այդ ամենին գումարում ես նաեւ խնդրի շուրջ երկու ժողովուրդների ժառանգած պատմական բեռը, ուրեմն արագ լուծում չի լինի, ուստի կպահպանվի «սառը խաղաղությունը»։ Ես մոտալուտ լուծում չեմ տեսնում»,- ասել է գրքի հեղինակը։

«Մեկ կողմի հաղթանակը մեխանիկորեն նշանակում է մյուս կողմի պարտություն։ Դա ժամանակավոր առավելություն է, որովհետեւ չկա հաշտություն եւ կողմերից մեկը միշտ կձգտի ետ ստանալ կորցրածը։ Ելքը` վերազգային դաշնությունն է, որի շրջանակներում չի լինի պարտված կամ հաղթած կողմ, բայց հաշվի առնելով առկա իրողությունները` դրա մասին խոսակցությունը դառնում է ուտոպիա», - համոզված է սերբ լրագրողը։

«Սառը խաղաղություն. Կոսովո եւ Կովկաս» գրքի հեղինակ, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հարավ-սլավոնական ծառայության աշխատակից Դրագան Շտավյանինի համոզմամբ, այս վիճակում ելքը կոնֆլիկտի «սառեցման պահպանումն է»։ Դա վատ է, վտանգավոր է, լուծում չէ, սակայն ավելի լավ է, քան պատերազմը։

«Այս դեպքում մնում է հուսալ, որ ապագայում կգան նոր սերունդներ եւ կառաջարկեն նոր մոտեցումներ», - ասում է Դրագան Շտավյանինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG