Մատչելիության հղումներ

ԿԲ-ի նախկին նախագահը «հանելուկ» է համարում արժույթի շուկայում ստեղծված իրավիճակը


Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Վերջին շրջանում հայկական դրամի արժեզրկման հիմնական պատճառը Հայաստանից փողի փախուստն է», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` պարզաբանելով, թե հնարավոր է` խոշոր սեփականատերերը դոլար են գնում` արտերկիր փոխադրելու համար։

Ասատրյանի խոսքով, անհասկանալի է. երբ ճգնաժամի հետեւանքով զգալիորեն կրճատվում է Հանրապետության ներմուծումների ծավալը, պետք է կրճատվեր նաեւ դոլարի նկատմամբ պահանջարկը (քանզի հայտնի է, որ դրսում ապրանքները գնվում են արտարժույթով, այդ թվում՝ դոլարով) եւ այսօր դրամն անգամ պետք է արժեվորվեր։ Բայց փաստն այն է, որ այսօր Հայաստանում աճում է դոլարի նկատմամբ պահանջարկը եւ դրամը արժեզրկվում է։

«Սա հանելուկ է», - իրավիճակը բնութագրեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը եւ տվեց իր բացատրությունը. - «Իմ կարծիքով, այն ռեզերվները, որ առանձին եւ կամ խոշոր առեւտրային սուբյեկտների մոտ էին կենտրոնացել, հանվում են շուկա, եւ այդ փողը դուրս է գնում: Փողը դուրս կարող է գնալ մեկ տեսքով՝ դոլարի տեսքով: Այս պրոցեսի հետ գործ ունենք: Իսկ սա անում են այն անձինք, ովքեր նախեւառաջ կապված են իշխանության հետ, ովքեր ստանում են այդ քաղաքական ազդակները»:

Բագրատ Ասատրյանի կանխատեսմամբ, կարճատեւ հեռանկարում դրամի արժեզրկումը կշարունակվի։

Այսօր Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում տեղի ունեցած դոլարի առք ու վաճառքի արդյունքում մեկ դոլարի միջին գինը կազմել է 386 դրամ 22 լումա, իսկ օրվա վերջին երեւանյան փոխանակման կետերում ամերիկյան մեկ դոլարն արդեն տատանվում էր 388-389 դրամի շրջանակներում։ Եվս մեկ ուշագրավ հանգամանք՝ եթե երեկ ֆոնդային բորսայում վաճառված ամերիկյան արժույթի ողջ ծավալը կազմել էր 150 հազար դոլար, ապա այսօր առք ու վաճառքի ծավալները կտրուկ աճել էին` հասնելով մոտ 8 միլիոն դոլարի։ Հարց է առաջանում` արդյո՞ք Կենտորնական բանկը կրկին վաճառքի է հանել իր դոլարային պահուստները` դրամի փոխարժեքը պահելու համար։

Հիշեցնենք, որ այս մարտի 3-ից առաջ՝ դրամի հայտնի արժեզրկմանը նախորդած ժամանակաշրջանում, Հայաստանի կենտրոնական դրամատունը իր պահուստներից, տարբեր գնահատականների համաձայն, վաճառել էր մոտ 700 միլիոն դոլար, բայց դրամն ի վերջո անկում ապրեց։

Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հաստատված կարգի համաձայն, իր գործողությունների վերաբերյալ Կենտրոնական բանկը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա երկուշաբթի օրը, որից էլ պարզ կդառնա` դոլարային պահուստներից վաճառք իրականացվե՞լ է, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է, դրամի անկմանը, ապա Բարսեղյանը փոխանցեց, թե Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել դրամի լողացող քաղաքականություն եւ, բացի այդ, բանկը երբեք պաշտոնապես չի հայտարարել, թե դրամ-դոլար փոխարժեքի առաստաղը մեկ դոլարի դիմաց 380 դրամն է լինելու։

Մինչդեռ, մարտի 3-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր. - «Միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը ակնկալվում է 360-380 դրամ մեկ ԱՄՆ-ի դոլարի դիմաց միջակայքում»։

Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող «Արմենբրոկ» ընկերության բրոկեր Արաքսյա Հարությունյանը նույնպես չբացառեց, որ դրամի անկման ու հետեւաբար` դոլարի արժեվորման հիմքում կարող է ընկած լինել Հայաստանից փողի դուրս բերումը։

Բայց նա նշեց նաեւ այլ պատճառներ. - «Վերջին շրջանում դոլարի պահանջարկն է մեծացել, քանի որ դրսից պակասել են գումարները, որ ուղարկում էին այստեղ՝ հարազատներին»:

Բացի այդ, Հարությունյանը ավելացրեց, թե դրամի ներկայիս անկումը պետք է բացատրել նաեւ դոլարի նկատմամբ պահանջարկի աճով:

«Պահանջարկը կարող է կրել նաեւ սպեկուլյատիվ բնույթ», - հավելեց նա:

Արաքսյա Հարությունյանի կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ դրամը շատ չի տատանվի եւ անգամ կվերադառնա մեկ դոլարի դիմաց 375-380 դրամ փոխարժեքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG