Մատչելիության հղումներ

Շվեդիայի հայերը ազգի եւ հայրենիքի համար կործանիչ են համարում նախաստորագրված արձանագրությունները


Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել Հայաստանի նախագահին` պնդելով, թե հայ - թուրքական «տխրահռչակ արձանագրությունները կործանիչ կլինեն մեր ազգի եւ հայրենիքի համար»:

«Քաջ գիտակցելով, որ դեպքերի վերջին զարգացումները նաեւ շոշափելի ճնշման արդյունք են», բաց նամակի հեղինակները կոչ են անում Սերժ Սարգսյանին վերանայել արձանագրություններում տեղ գտած հիմնական կետերը, «որոնք ոչ մի կերպ չեն կարող ընդունելի լինել հայ ազգի համար»:

«Ճանաչելով Թուրքիայի ներկայիս ապօրինի սահմանները` Դուք ակամայից վավերացնում եք Կարսի պայմանագիրը, եւ թեեւ Դուք պարբերաբար փորձում եք վստահեցնել մեզ, որ դրանք հիմնապես տարբեր բաներ են, Ձեր փաստարկները համոզեցուցիչ չեն», - ասված է բաց նամակում: - «Ավելին, ճանաչելով Թուրքիայի ներկայիս սահմանները, Դուք սեպ եք խրում Սփյուռքի եւ Հայրենիքի միջեւ` հիմնահատակ խորտակելով տարիների իղձերն ու սպասումները»:

Բացի այդ, «հանդես գալով նման ավելի քան սարսափելի առաջարկով, այն է` ստեղծել «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով», որը պետք է զբաղվի «երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող խնդիրների հստակեցմամբ», ավելին, գիտական արխիվների անկողմնակալ ուսումնասիրությամբ, Դուք կասկածի տակ եք դնում Հայոց ցեղասպանությունը», - հայտարարում են Շվեդիայի հայերը` պարզաբանելով. - «Ինչո՞ւ մենք պետք է նույնիսկ «անկողմնակալ» ուսումնասիրության հանձնենք մեր անցյալի ամենաապացուցված եւ ամենացավալի հարցը: Քննարկելով իսկ` Դուք անմիջականորեն կասկածի տակ եք դնում այն ամենը, ինչ արդեն արվել է ի շահ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման»:

Եվ երրորդ, ասված է Շվեդիայի հայ համայնքի անունից Հայաստանի նախագահին հղված բաց նամակում, «լռության մատնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` Դուք ակամայից բավարարում եք Թուրքիայի մեկ այլ նախապայման, այն է` Ղարաբաղի հարցը լուծել միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

«Պատմություն կարելի է մտնել եւ ազգանպաստ գործով: Այլոց շահերը բավարարելը մեզ կտանի դեպի անխուսափելի կործանում: Այսօր Դուք եք պատասխանատու մեր ապագա հույսերի, երազած երկրի եւ հայրենիքի համար», - Հայաստանի նախագահին գրում են Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG