Մատչելիության հղումներ

Հայ-շվեյցարական ընկերակցությունը իր մտահոգություններն է փոխանցել Ժնեւում Հայաստանի առաքելությանը


Հայ-շվեյցարական ընկերակցությունը պնդում է, որ հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններում առկա են Հայաստանի համար «սարսափելի վտանգ ներկայացնող» մի շարք դրույթներ: Իր դիրքորոշումը կազմակերպությունը երեքշաբթի երեկոյան ներկայացրել է Ժնեւում Հայաստանի դիվանագիտական առաքելությանը` խնդրելով այն փոխանցել հանրապետության նախագահին, Ազգային ժողովի խոսնակին եւ խմբակցություններին` մինչեւ հոկտեմբերի 1-ը նախատեսված խորհրդարանական լսումները:

«Առաջին հերթին, պետք է շեշտել այն հանգամանքը, որ եթե այս արձանագրությունները վավերացվեն խորհրդարանի կողմից, դրանք կստանան միջազգային պայմանագրի բնույթ, ինչը Հայաստանի համար անվճռելի եւ անվերադարձ տեսանկյուն պիտի ներկայացնե», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ընկերակցության ղեկավար Սարգիս Շահինյանը` ընդգծելով, որ դրանից հետո ստանձնած պարտավորությունների դեմ առարկությունները հնարավոր կլինեն միայն նոր բովանդակությամբ պայմանագիր հաստատելու դեպքում:

Ներկայացված փաստաթղթերում Հայ-շվեյցարական ընկերակցությունը առավել վիճարկելի է համարում երեք դրույթ:

Դրանցից առաջինը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության երրորդ կետն է, որի համաձայն` կողմերը վերահաստատում են հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների նորքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունը: Այսօրինակ պարտավորություն ստանձնելով` պաշտոնական Երեւանը կզրկվի Ղարաբաղի համար բանակցելու իրավունքից, զգուշացնում է ընկերակցությունը: «Դա կնշանակե, որ Հայաստանը իրավունք չունի միջամտել ոչ միայն Թուրքիայի, այլեւ որեւէ երկրի ներքին գործերին, մինչդեռ միջազգային իրավունքի շրջանակներում ներկայումս Ղարաբաղը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք: Այս դրույթը հայերին լրիվ զրկում է իրենց իրավունքներից», - պնդեց Սարգիս Շահինյանը եւ հավելեց. - «Անհասկանալի է, թե ինչու են արձանագրություններում ընդգծված կերպով շեշտվում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, մինչդեռ չի արվում որեւէ բացահայտ կամ ենթադրելի անդրադարձ ազգերի ինքնորոշման սկզբունքին»:

Հաջորդ` Հայաստանի համար «վտանգավոր դրույթը», ըստ ընկերակցության, ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումն է` միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով: «Այս կետով Հայաստանի Հանրապետությունը ընդմիշտ կկորցնի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի իրավունքը», - հայտարարում է ընկերակցությունը: «Այս դրույթը ուղղակիորեն վերաբերում է Կարսի եւ Լոզանի պայմանագրերին, բայց ոչ Սեւրի պայմանագրին, որը բավական զգալի իրավունքներ էր ընդգրկում հայ ժողովրդի համար», - պարզաբանեց Սարգիս Շահինյանը:

Արձանագրությունների ամենահակասական կետը ընկերակցությունը համարում է պատմական հանձնաժողովի ստեղծման եւ փոխադարձ վստահության վերականգնմանը ուղղված երկխոսություն հաստատելու մասին դրույթը` պնդելով, թե այն մեծապես վտանգում է Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «պատմական հարթության» հարցում փոխադարձ վստահությունը չի կարող վերականգնվել, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - շեշտում է Հայ-շվեյցարական ընկերակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG