Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն «Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավոր գրանցեց Ռուբեն Գեւորգյանին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթի կայացած նիստում միաձայն որոշեց համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային Ժողովի պատգամավոր գրանցել Ռուբեն Գեւորգյանին:

Որոշման հիմք է ծառայել Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի «ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 15 արձանագրությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր առավոտյան փոխանցեց ԲՀԿ-ի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, նա փոխարինելու է ԲՀԿ-ական Ռուբիկ Հարությունյանին, ով սեպտեմբերին 11-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

«Ռոտացիոն կարգով, համամասնականով հաջորդ համարը Ռուբեն Գեւորգյանն է», - փոխանցեց Խաչիկ Գալստյանը:

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ը ներկայացնող Հովհաննես Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ճիշտ է, նա եղել է պատգամավոր, բայց դեռ խոսք կունենա ասելու»:

ԿԸՀ-ում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով նույնպես կողմ քվեարկեց որոշմանը, կարծում է, որ Ռուբեն Գեւորգյանի պատգամավոր գրանցվելով` ընդհանուր պատկերը Ազգային ժողովում չի փոխվի:

«Հերթական անգամ պատգամավորական մանդատը կծառայի գործարարությանը»,- ցավով նշեց Զոյա Թադեւոսյանը:

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք Ռուբեն Գեւորգյանը կկատարի օրենքի պահանջը եւ կդադարի գործարարությամբ զբաղվել, ԿԸՀ-ում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Հովհաննես Շահբազյանը վստահեցրեց, որ Գեւորդյանը, իհարկե, կկատարի օրենքի պահանջը:

Զոյա Թադեւոսյանը, սակայն, համոզված է, որ Ռուբեն Գեւորգյանը, պատգամավորներից շատերի նման, կշարունակի զբաղվել գործարարությամբ:

«Նրանք հենց գալիս են իրենց բիզնեսի նկատմամբ ունենալու հսկողություն եւ այդ հսկողությունը մանդատով վերահաստատելու նպատակով», - կարծիք հայտնեց Թադեւոսյանը:

Ռուբեն Գեւորգյանը նախկինում հանդիսացել է Երկրապահ կամավորականների միության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր, որպես Հանրապետական կուսակցության անդամ։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին գործարարը մասնակցեց արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG