Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը պետք է պաշտպանի Վրաստանը»


Արեւելյան Եվրոպայի ավելի քան մեկ տասնյակ նախկին առաջնորդներ եւ անվանի քաղաքական գործիչներ կոչ են անում Եվրամիությանը ռազմավարություն մշակել Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանին վերադարձնելու համար:

«Բեռլինյան պատի փլուզումից 20 տարի անց` այսօր Եվրոպայում նոր պատ է կառուցվում, այս անգամ` Վրաստանի ինքնիշխան պետության տարածքում», - գրում են Չեխիայի, Լիտվայի նախկին նախագահները, Էստոնիայի նախկին վարչապետն ու Հաբսբուրգների թագավորական դինաստիայի 96-ամյա ներկայացուցիչ Օտտո ֆոն Հաբսբուրգը բրիտանական Guardian-ում այսօր հրապարակված բաց նամակում:

«Արդյո՞ք մենք ուզում ենք ընդունել եւ համակերպվել այն փաստի հետ, որ փոքրիկ պետության սահմանները կարող են ուժով վերափոխվել, իսկ տարածքները` դե-ֆակտո բռնազավթվել առավել հզորի կողմից», - հարցնում են քաղաքական գործիչները եւ հորդորում Եվրամիության 27 ժողովրդավար առաջնորդներին «մշակել ակտիվ ռազմավարություն, որը կօգնի պաշտոնական Թբիլիսիին խաղաղ ճանապարհով վերականգնել տարածքային ամբողջականությունը եւ դուրս բերել ռուսական զորամիավորումները Վրաստանի տարածքից»:

Եվրոպացի նախկին առաջնորդները ընդունում են, որ որեւէ մեկը չի ուզում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ կամ վերադառնալ «սառը պատերազմի» ժամանակներին. - «Սակայն կարեւոր է, որպեսզի Եվրամիությունը եւ կառույցի անդամ պետությունները «հստակ ազդանշան» հղեն Ռուսաստանի ղեկավարությանը»:

«Այժմ, երբ Եվրամիության կողմից ստեղծված հանձնաժողովը պետք է հրապարակի իր զեկույցը ռուս - վրացական կարճատեւ պատերազմի պատճառների մասին, մենք հորդորում ենք եվրոպացիներին հիշել մեր ոչ վաղ անցյալի դառը դասերը», - գրում են անվանի քաղաքան գործիչներն ու ընդգծում. - «Գերտերությունները միշտ էլ կարող են գտնել կամ հորինել պատրվակներ` հարեւանի վրա հարձակվելու համար, մինչդեռ արեւմտյան ժողովրդավարության անկարողությունը` արժանի պատասխան տալ բարեկամ երկրի մասնատմանը, կարող է բավական լուրջ հետեւանքներ ունենալ ողջ աշխարհի վրա»:

Ակնկալվում է, որ Եվրամիության փորձագետների անկախ հանձնաժողովը հաջորդ շաբաթ կհրապարակի իր զեկույցը ռուս - վրացական պատերազմի պատճառների շուրջ: Գերմանական Spiegel ամսագիրը, վկայակոչելով սեփական աղբյուրները, պնդում է, թե փորձագետները պատերազմը հրահրելու մեջ մեղադրում են պաշտոնական Թբիլիսիին, իսկ իրավիճակը թեժացնելու համար` Ռուսաստանի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG