Մատչելիության հղումներ

Սերգեյ Մարկեդոնով. «Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է դառնալ տարվա իրադարձությունը»


Հայ - թուրքական հարաբերությունների բարելավումը, անկասկած, կարող է դառնալ ավարտին մոտեցող տարվա կարեւորագույն իրադարձությունը: Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում հրապարակած հոդվածում այսպիսի կարծիք է հայտնում Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովը:

Հաջողության դեպքում, ըստ հոդվածի հեղինակի, Խորհրդային Միության փլուզումից հետո Մեծ Կովկասում հաստատված ստատուս-քվոն կենթարկվի այնպիսի արմատական փոփոխության, որը համեմատելի կլինի, թերեւս, միայն անցած տարվա ռուս - վրացական հնգօրյա պատերազմի արդյունքների հետ։

«Հայ - թուրքական ցամաքային սահմանի բացումը սկզբունքորեն կփոխի Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը», - գրում է Մարկեդոնովը` միաժամանակ ընդգծելով, որ «առաջընթացը կախված է ոչ միայն երկու երկրների առաջին դեմքերի կամ գերտերությունների ղեկավարների դիրքորոշումից, այլեւ բարելավման գործընթացին տրվող ներքաղաքական աջակցությունից»։

«Ակնհայտ է, որ Հայաստանում եւ Թուրքիայում մեծ թվով քաղաքական գործիչներ, փորձագետներ եւ շարքային քաղաքացիներ հաշտեցման բանական փաստարկները չեն ընկալի։ Անցած երկար տարիների ընթացքում երկու հասարակություններում առկա փոխադարձ հակակրանքը մնում է բարձր աստիճանի վրա», - նշում է ռուսաստանցի փորձագետը:

«Խաղաղության ճանապարհը լի է խոչընդոտներով եւ անակնկալներով, դրանց հարկ է նախապես պատրաստվել` խուսափելու համար չափազանցված ակնկալիքներից եւ եւ հիասթափություններից», - շեշտում է Սերգեյ Մարկեդոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG