Մատչելիության հղումներ

Adidas-ը եւ Puma-ն կհաշտվե՞ն


Սպորտային հագուստ արտադրող գերմանական երկու խոշորագույն Adidas եւ Puma ընկերությունները 60 տարվա թշնամությունից հետո կարող են հաշտվել միմյանց հետ:

Այս երկու ընկերությունները անցած դարի 20-ական թվականներին հիմնել են Դասլեր եղբայրները` Ադին եւ Ռուդոլֆը, ովքեր բիզնեսը սկսել են իրենց մոր բաղնիքում` սպորտային կոշիկներ կարելով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ըստ երեւույթին` քաղաքական հայացքների տարբերության պատճառով, նրանց միջեւ տարաձայնություններ են ի հայտ եկել, ապա այդ տարաձայնությունները խորացել են, եւ եղբայրներից յուրաքանչյուրը հիմնել է իր առանձին ընկերությունը` դրանցից ամեն մեկը տեղակայելով միեւնույն գետի հակառակ ափերին:

Դրանից հետո առաջին անգամ երկուշաբթի օրը երկու ընկերությունների աշխատակիցները իրար ձեռք կսեղմեն, այնուհետեւ` ֆուտբոլային ընկերական խաղ կանցկացնեն:

Տարածած համատեղ հայտարարությունում երկու ընկերությունները նշել են, որ հաշտվելու են, որպեսզի համատեղ աջակցություն ցուցաբերեն «Խաղաղության մեկ օրը» կազմակերպությանը երկուշաբթի օրը անցկացվելիք «Մեկ օր առանց բռնության» նախաձեռնությունում:

Սա մեծ իրադարձություն է հին բավարական Հերցոգենաուրախ քաղաքի համար, որտեղ տեղակայված են երկու ընկերությունները` Adidas-ը եւ Puma-ն, քանի որ 1948 թվականից ի վեր այս փոքրիկ քաղաքի բնակչությունը` բաժանված բիզնեսի երկու մասերի նման, ինքն էլ էր երկու մասի բաժանվել. մի մասը մի գործատուին էր փորձում ապացուցել իր նվիրվածությունը, մյուս մասը` երկրորդին:

Սակայն այժմ այդ ընկերություններից ոչ մեկը չի պատկանում հիմնադիր եղբայրների հետնորդներին: Այսպես, 2007 թվականից ի վեր Puma-ի բաժնետոմսերի հիմնական մասը «լյուքս» կարգի ապրանքներ արտադրող ֆրանսիական PPR-ինն է, որին նաեւ հանրահայտ Gucci-ն է պատկանում: Իսկ Adidas Group-ը բազմաթիվ սեփականատերեր ունի, որոնցից յուրաքանչյուրը չի կարող ձեռք բերել այս ընկերությունում բաժնետոմսերի 5 տոկոսից ավելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG