Մատչելիության հղումներ

Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտգործնախարարի հետ


Ադրբեջանական պատվիրակությունը` երկրի խորհրդարանի նախագահի գլխավորությամբ, երեկ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

APA գործակալության փոխանցմամբ, Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, եւ ընդգծել, որ հայ–թուրքական սահմանը փակվել է հենց Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի գրավման արդյունքում։

«Այս հարցը արդեն երկար ժամանակ է` չի կարգավորվում։ Հայաստանը անտեսում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած որոշումներն ու բանաձեւերը։ Ադրբեջանը մտադիր չէ միջամտել Հայաստանի կամ Թուրքիայի ներքին խնդիրներին, սակայն, բոլորը պետք է իմանան, որ սահմանների բացման գործընթացը պետք է իրականացվի հողերի ազատագրմանը զուգընթաց։ Հակառակ դեպքում, սահմանի բացումը կհակասի ոչ միայն Ադրբեջանի շահերին, այլեւ կվնասի խաղաղության եւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»,–ասել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։

Իր հերթին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Շվեյցարիայի արտգործնախարարը բարձր է գնահատել պաշտոնական Բաքվի եւ Բեռնի հարաբերությունները, եւ ընդգծել է, թե իր երկիրը հատուկ հետաքրքրությամբ է վերաբերվում Ադրբեջանի հետ համագործակցությանը։

«Այժմ լուրջ աշխատանք է տարվում` հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը նախապատրաստելու համար. Շվեյցարիան անհամբերությամբ եւ մեծ հաճույքով է սպասում այդ հանդիպմանը», - ասել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG