Մատչելիության հղումներ

«Ատելությունը մի ողջ ազգի հանդեպ պաթոլոգիկ երեւույթ է», - շեշտում է թուրք իրավապաշտպանը


«Ազատ խոսք, որը կարող է հակադրվել խմբագրի տեսակետին», - այսպես է կոչվում է «Զաման» թերթի այն սյունաշարը, որտեղ տպվել է իրավապաշտպան, գրող եւ իրավաբան, ազգությամբ թուրք Օրհան Քեմալ Ջենգիզի Bloody Turk («Անիծյալ թուրք») վերնագրով հոդվածը:

«Ես ոչ հավատացյալ եմ, ոչ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, ոչ քրիստոնյա, ոչ քուրդ եւ ոչ էլ հայ: Բայց ամբողջ կյանքում պաշտպանել եմ նրանց իրավունքները», - գրում է Ջենգիզը:

1998-ին Լոնդոնում Օրհան Քեմալ Ջենգիզը հանդիպել է տեղի հայկական համայնքի հետ ու հասկացել, որ «կապ չունի, թե ինչով ես զբաղված, ինչ գործ ես անում, միեւնույն է` որոշ մարդկանց համար մնում ես անիծյալ թուրք»:

Փորձելով գտնել պատճառները` իրավապաշտպանը նախ նշում է, որ եղել է հայերի ջարդը Թուրքիայում նախորդ դարասկզբին, իսկ հետո ինչ-որ տեղ բոլորովին այլ տեսանկյունից է փորձում պարզաբանել երկու հանգամանք:

Հայերի ջարդը իրականացրել եւ կազմակերպել են Օսմանյան կայսրությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը, այսինքն, ջարդերն իրականացրել է քաղաքական մի ուժ եւ որոշակի նպատակով, նշում է Ջենգիզը` շեշտելով. - «Սակայն Հայոց ցեղասպանության մասին պատմելիս աշխարհին հրամցվում է, որ այն կատարել են թուրքերը, մինչդեռ երբ խոսում ենք Հոլոքոսթի մասին, ասում ենք` նացիստական համակարգը, երբ քննարկում ենք Կամբոջայում տեղի ունեցած ցեղասպանությունը` խոսում ենք կխմերների մասին»:

Հեղինակը չի արդարացնում ո'չ հիշողությունը կորցրած թուրքերին, ովքեր հերքում են, թե նման բան է եղել, եւ ոչ էլ նրանց, ովքեր կույր ատելությամբ են լցված մի ողջ ազգի հանդեպ: «Երկուսն էլ պաթոլոգիկ երեւույթներ են», - գրում է իրավապաշտպանը, ում կարծիքով` «Հրանտ Դինքն էլ էր հասկանում սա եւ սպանվեց հենց այն պատճառով, որ այս ոչ նորմալ իրավիճակին դեմ հանդիման էր կանգնած»:

Հեղինակի խոսքով` «Դինքին սպանեց ռասիստ թուրքը, բայց նրան կարող էր սպանել նաեւ ռասիստ հայը, որովհետեւ Դինքը անիծյալ թուրք էր հայերի համար եւ դավաճան հայ` թուրքերի համար»:

«Մենք բոլորս պետք է Դինք լինենք, եթե ուզում ենք կարգավորել, վերահաստատել հարաբերությունները», - եզրահանգում է հոդվածագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG