Մատչելիության հղումներ

Ավանդական հակահրեական ցույցը Իրանում վերաճեց իշխանության դեմ բողոքի ակցիայի


«Երուսաղեմի օրվան» նվիրված ցույցը Թեհրանում, 18 սեպտեմբերի, 2009
«Երուսաղեմի օրվան» նվիրված ցույցը Թեհրանում, 18 սեպտեմբերի, 2009

Ուրբաթ օրը Իրանում նախատեսված ավանդական հակահրեական ցույցը վերաճել է գործող իշխանության դեմ ուղղված բողոքի ակցիայի, որի հետեւանքով տեղի են ունեցել ընդհարումներ ընդդիմադիրների եւ իրավապահների ու գործող իշխանությունների կողմնակիցների միջեւ, ձերբակալություններ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, մասնավորապես, «Երուսաղեմի օրվան» նվիրված ցույցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցները ֆիզիկապես հարձակվել են նախկին նախագահ, երկրում բարեփոխումների կողմնակից Մոհամադ Խաթամիի վրա, երբ վերջինս ընդդիմադիր կողմնակիցների հետ մասնակցում էր հակակառավարական ցույցի:

Բարեփոխականների կայքէջի փոխանցմամբ` հարձակվողները նախկին նախագահին տապալել են գետնին, Խաթամիին օգնության են հասել ընդդիմադիրները:

Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը փոխանցել է նախկին նախագահի եղբայրը` Մոհամադ Ռեզա Խաթամին, «նա վնասվածքներ չի ստացել եւ այժմ իրեն լավ է զգում»:

«Երուսաղեմի օրվա» առիթով կազմակերպված երթի ժամանակ, որը ընդդիմությունը նախօրոք էր ծրագրել հակակառավարական բողոքի ակցիայի վերածել, Թեհրանում բախում է տեղի ունեցել նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակառակորդների եւ իրանցի իրավապահների միջեւ:

Հաղորդագրությունների համաձայն` ընդդիմության կողմնակիցներից ավելի քանի 10-ը ձերբակալվել են:

Իրանական ընդդիմությունը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ ուրբաթ օրն էր դուրս եկել բողոքի ակցիայի` օգտվելով «Երուսաղեմի օրվա» խորհրդից, որի ընթացքում իրանցիները Պաղեստինին իրենց աջակցությունն են հայտնում:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Խոմեյնին ժամանակին որոշել էր, որ մահմեդական Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը Իրանում պետք է նշվի իբրեւ «Քուդի (Երուսաղեմի) օր», որը կարտահայտի իրանցիների համերաշխությունը պաղեստինցի ժողովրդի հանդեպ` Իսրայելի դեմ նրանց պայքարում:

Ուրբաթ օրվա ցույցին մասնակցելու ընդդիմադիր առաջնորդների որոշումը մեծ ոգեւորություն էր առաջացրել ընդդիմադիր Կանաչ շարժման համախոհների շրջանում, մինչդեռ, ինչպես փոխանցել էր «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը, Իրանի իշխանությունները լրջորեն մտահոգված էին ընդդիմության մասնակցության փաստով, ուստի նաեւ կանխարգելիչ միջոցառումներ էին ձեռնարկել:

Ընդդիմության «Ազատ կանաչ ուղի» շարժման կայքում տեղադրվել էր մի հայտարարություն, ըստ որի` նախագահ Ահմադինեջադի ուրբաթօրյա ճառը «իսկական նվեր է կանաչների համար», եւ որ այդ ճառի ընթացքում իրենք կարող են վանկարկել «Մահ բռնապետին» ու ակնհայտորեն ցուցադրել, թե անցած ընտրություններում չեն քվեարկել Ահմադինեջադի օգտին:

Իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում նաեւ` ոստիկանապետ Էսմաիլ Ահմադի Մոհադամը, զգուշացրել էին ընդդիմությանը` զերծ մնալ «Երուսաղեմի օրը» հակաիշխանական բողոքի ակցիայի վերածելուց:

Անցած ուրբաթ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Խամենեին ասել էր.- «Քուդիի օրը վերաբերում է միայն Պաղեստինին եւ խորհրդանշում է իրանական ազգի համերաշխությունը: Անհրաժեշտ է զգույշ լինել, որպեսզի ոմանք չօգտագործեն «Երուսաղեմի օրվա» տոնակատարությունը նոր անկարգություններ հրահրելու համար»:

Այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունն է հաղորդում, այս օրերին ինչպես Թեհրանում, այնպես էլ Իրանի այլ քաղաքներում կարելի էր հանդիպել պաստառներ, որոնք հորդորում էին իրանցիներին` մասնակցել սեպտեմբերի 18-ի ակցիային: Ընդդիմադիրները ծավալուն տեղեկատվական ակցիա էին կազմակերպել նաեւ ինտերնետի միջոցով` սոցիալական ցանցերով նամակներ հղելով ծանոթ-համախոհներին:

Ընդդիմության վերջին բողոքի զանգվածային ակցիան Իրանում կայացել էր հուլիսի 17-ն` Թեհրանում, երբ ավանդական ուրբաթօրյա աղոթքը վարում էր Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանին: Այդ օրը հազարավոր քաղաքացիներ դուրս եկան երթի` հականախագահական կոչեր հնչեցնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG