Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 18-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Դաշնակցության «բուռն գործունեության» հարցում մի քանի տարօրինակ բաներ կան: Օրինակ, ի՞նչ իմաստ ունի արձանագրությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելն ու դրանք լայնորեն գովազդելը, եթե շատ հստակ ասվել է, որ արձանագրությունները փոփոխման ենթակա չեն (դրանք կամ վավերացվում են, կամ չեն վավերացվում): Բայց սա միակ տարօրինակությունը չէ: Բանն այն է, որ այս օրերին Դաշնակցությունն ավելի շատ ոչ թե այդ արձանագրություններով է զբաղված, այլ սեփական ընդդիմադիր կեցվածքի գովազդով: Շեշտադրումներն էլ սրանք են. «այ տեսա՞ք, որ իսկական ընդդիմությունը մենք ենք, Կոնգրեսի ակցիաներն արտոնում են, մերը չեն արտոնում», «այ տեսնո՞ւմ եք, որ ընդդիմադիր մամուլը լուրջ չի վերաբերվում մեր ակցիաներին» եւ այլն: Այնպիսի տպավորություն է, թե Դաշնակցությունն ընդամենը օգտագործում է հայ - թուրքական արձանագրությունների առիթը` վերջին տասը տարիների «կերակրատաշտային» կենսագրությունը մոռացության տալու համար»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, վերլուծելով երկրի ներքաղաքական իրադրությունը, նշում է. - «Որեւէ գործընթաց հնարավոր է թեժ համարել միայն այն դեպքում, երբ այնտեղ ներգրավված են մարդկային լուրջ զանգվածներ: Ըստ որում, պարզ զանգվածայնությունը դեռ բավարար չէ: «Թեժության» համար անհրաժեշտ է, որ գործընթացում ներգրավված ահռելի զանգվածները նաեւ որոշակի «հեղափոխական» հուզական կամ հոգեխռով վիճակում լինեն: Կա՞ այդպիսի բան մեր հասարակությունում, մեր երկրում»: Հրապարակման վերջում, հենց ինքն էլ պատասխանելով այս հարցադրմանը, հոդվածագիրը եզրակացնում է. - «Թեժ աշուն» այս տարի չի լինելու: Բավարար նախադրյալներ չկան: Ոչ էլ համապատասխան զանգվածայնություն: Ու նաեւ` բնորոշ հոգեվիճակ»:

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մենք` Հայաստանի քաղաքացիներս, պետք է մտահոգվենք մեր` որպես պետության շահերով: Այդպես էր մտածում «Ղարաբաղ» կոմիտեն 88-90 թվականներին, այդ գաղափարներով էր ղեկավարվում ՀՀ առաջին նախագահը իր իշխանության օրոք: Նույնն են ասում հիմա Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակից Վազգեն Մանուկյանը: Այդ մտածելակերպին հակադրվել է Դաշնակցությունը (միշտ), Վազգեն Մանուկյանը` 91-98 թվականներին, դրան այսօր հակադրվում են Կոնգրեսի անդամ որոշ կուսակցություններ: Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես քաղաքական խնդիրների վերաբերյալ որեւէ տեսակետ չուներ, բայց բնազդորեն աշխատում էր հաճոյանալ Սփյուռքին եւ Դաշնակցությանը: Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կողմից` չի կարող ընկնել ատելության եւ երազանքների գիրկը (դա կհակասեր նրա սկզբունքներին), մյուս կողմից` չի կարող ասել, որ այս հարցում ներկայիս իշխանությունը ճիշտ է, որովհետեւ նա ընդդիմության առաջնորդ է: Ինտելեկտի եւ գիտելիքների առումով մի քանի գլուխ բարձր լինելով վերը թվարկված բոլոր գործիչներից ու ուժերից` նա, հավանաբար, այսօր կձեւակերպի ինչ-որ «միջին» դիրքորոշում»:

Անդրադառնալով ընդդիմադիր երեք պատգամավորներին մանդատներից զրկելու փաստին` «Հրապարակ»-ը բխեցնում է. - «Գուցե երեք պատգամավորների դեպքում պահպանվել է օրենքի տառը, սակայն ո՞ւմ համար պարզ չէ, որ այս «դատապարտումները» քաղաքական հաշվեհարդարի արդյունքում են եղել եւ օրինականության հետ ոչ մի աղերս չունեն: Եթե օրենքի տառն ու ոգին պահպանվեր, ապա ԱԺ-ի երկու երրորդը պետք է վաղուց զրկված լիներ մանդատներից` Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտելու համար, այն է` «պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Տարիներ շարունակ օրենքի այս պահանջը արհամարհող խորհրդարանականները զբաղվում են բացահայտ կամ թաքուն բիզնեսով եւ միաժամանակ օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից: Եվ ԱԺ նախագահությունը չտեսնելու է տալիս դա»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի ինտերնետի մեծածախ շուկայում կարծես թե ի հայտ են գալիս մրցակցության առաջին ծիլերը: Եթե մինչ օրս ինտերնետի մեծածախ վաճառքը կենտրոնացված էր երկու ընկերության՝ «ԱրմենՏելի» եւ FiberNet-ի ձեռքում, ապա առաջիկա մեկ ամսվա ընթացքում այդ շուկայում կհայտնվի եւս մեկ նոր խաղորդ՝ GNC Alfa ընկերությունը։ Սա հույս է ներշնչում, որ ի վերջո, ինտերնետը հասանելի կլինի Հայաստանի ողջ տարածքում, իսկ սակագինը կնվազի մինչեւ ողջամիտ սահմանները: Նշենք, որ GNC Alfa-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիա ունի նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություն մատուցելու համար: CNC Alfa-ն արդեն կառուցել է դեպի Իրան ձգվող օպտիկամանրաթելքային մալուխ, որը ձգվում է Իրան-Հայաստան գազատարի երկայնքով: Շուտով կսկսի եւս մեկ մալուխի կառուցում դեպի Վրաստան։ Վերջինս կձգվի ավտոճանապարհների եւ գազամուղի երկայնքով, նախատեսվում է դրա շինարարությունն ավարտել 18 ամսվա ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG