Մատչելիության հղումներ

EBU-ն «Եվրատեսիլի» հետ կապված պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի նկատմամբ


Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել է պատժամիջոցներ չկիրառել միությունում Ադրբեջանը ներկայացնող «Իքթամայ» ընկերության դեմ։

Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը բողոքներ էր ստացել այն մասին, որ «Եվրատեսիլ 2009» մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Ինգա Եվ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած ադրբեջանցիները հրավիրվել են երկրի Ազգային անվտանգության նախարարություն։ Գործի առնչությամբ EBU-ն քննություն էր անցկացրել։

Եվրոպական հեռարձակողների միությունում Ադրբեջանը ներկայացնող եւ այս տարվա երգի մրցույթը երկրում հեռարձակած «Իքթիմայ» ընկերությունը EBU-ին հղած իր պարզաբանման մեջ տեղեկացրել էր, թե իրենք «ստացել են Ազգային անվտանգության նախարարության հավաստիացումն այն մասին, որ որեւէ մեկը չի կանչվել նախարարություն եւ չի հարցաքննվել»։

Եվրոպական հեռարձակողների միության փորձագիտական խումբը սեպտեմբերի 11-ին Օսլոյում, քննարկել է Ադրբեջանին վերաբերող այս խնդիրը եւ որոշել է պատժամիջոցներ կիրառելու փոխարեն լրացումներ կատարել «Եվրատեսիլ» մրցույթի կանոնադրության մեջ։ Ըստ այդմ, մրցույթին մասնակցող երկրների հեռարձակող ընկերությունները այսուհետ պատասխանատվություն են կրում քվեարկողների անձի գաղտնիության պահպանման համար։ Եթե նոր կարգը խախտվի, Եվրոպական հեռարձակողների միությունը իրավասու կլինի համապատասխան պատժամիջոցներ կիրառել հեռարձակող կոնկրետ ընկերության նկատմամբ։

«Եվրատեսիլ» մրցույթի նախկին կանոնադրությունը հեռարձակող ընկերությանը պարզապես կոչ էր անում հարգել քվեարկողի իրավունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG