Մատչելիության հղումներ

Զոհվածների հարազատները իրենց խաբված են համարում


Զոհվածների հարազատները դժգոհ են
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Մինչ Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Ազգային ժողովին էր ներկայացնում հանձնաժողովի պատրաստած զեկույցը, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի հավաքված մարտի 1-ին զոհվածների հարազատներն ասում էին, թե խաբված են:

Զոհվածներից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մեկուկես տարի հույս են կապել խորհրդարանական հանձնաժողովի հետ, իսկ այժմ հիասթափված են դրա նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարություններից:

«Կոնկրետ իմ երեխային ո՞վ է սպանել: Ես դա եմ ուզում իմանալ: Չորս ոստիկան է եղել, որոնց ձեռքին եղել է հատուկ միջոց, իմ երեխան զոհվել է հատուկ միջոցից: Նրանք գիտեն՝ որտեղ է զոհվել, ում ձեռքով: Ինչո՞ւ չեն պատասխանատվության ներկայացնում», - ասաց Խաչատրյանը՝ շարունակելով. - «Մինչեւ օրս այդ չորս ոստիկանները աշխատում են համակարգում: Ո՞նց կարող եմ ես հանգիստ նստել տանը կամ որեւէ բան չպահանջել: Կամ այդ թշնամությունը իմ մեջիս ո՞նց կարող է դուրս գալ այդքան բանից հետո»:

«Այդ դեպքում թող հրավիրեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ պահանջեն, որ 10/33 զորամասի ենթասպաները անօրինական, խիստ արգելված զենք են օգտագործել. ով է այդ զենքը տվել նրանց, ում հրամանով են սպանել մեր անմեղ ցուցարարներին», - հավելեց մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի հայրը՝ Էդիկ Աբգարյանը:

Սամվել Նիկոյանն ասել է, թե սպանությունների բացահայտման հարցով պետք է զբաղվեն իրավապահները: Զոհվածների հարազատները, սակայն, իրավապահների հետ հույսեր չեն կապում:

«Հատուկ քննչական ծառայությունում, երբ կանչել էին հարցաքննության, հարց էին տալիս՝ ո՞ւմ եք ընտրել ընտրություններում... Ի՞նչ հույս ես պետք է կապեմ իրենց հետ», - վրդովված ասաց Ալլա Հովհաննիսյանը:

«Սրանք սուտ բաներ են», - ասաց մարտի 1-ին զոհված զինծառայող Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: - «Ես իրենց զինվոր եմ տվել, ես իրենցից իմ զինվորն եմ պահանջում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG