Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Այլ ակնկալիք պետք էլ չէր ունենալ այս հանձնաժողովից»


«Այսօր հայ հասարակությունը շատ լավ գիտի` ինչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին, ովքեր են դրանց պատասխանատուները, այնպես որ, հասարակությանը այս զեկույցը որեւէ նոր բան չտվեց», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը:

«Բայց նոր բան տվեց այն առումով, որ ինչպես եւ մենք կանխատեսում էինք, այս զեկույցը եկավ ցույց տալու համար իշխանությունների եւ այդ հանձնաժողովի գլխավոր նպատակը` կոծկել մարտի 1-ի հրեշավոր հանցագործությունները, կոծկել այն մարդկանց, ում ձեռքով գնդակահարվել են Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիներ, ինչը եւ հանձնաժողովը փայլուն կերպով իրականացրեց», - հավելեց Մուսինյանը:

«Այլ ակնկալիք, բնականաբար, պետք էլ չէր ունենալ այս հանձնաժողովից», - ամփոփեց Հայ ազգային կոնգրեսի խոսնակը:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց հետեւանքները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում, որի հրապարակումը Ազգային ժողովում սկսվել է չորեքշաբթի օրը, մասնավորապես, ասված է. - «Ամենախնդրահարույց եւ հասարակությանը մտահոգող հարցերից մեկն այն է, թե ո՞ւմ գործողությունների հետեւանքով է վրա հասել մահը: Հանձնաժողովը չի պատասխանել այս հարցին, քանի որ նույնիսկ ցանկության դեպքում էլ չի կարող եւ իրավունք չունի վերածվելու նախաքննական մարմնի եւ իրականացնելու լիազորություններ, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ բացառապես վերապահված են միայն նախաքննական մարմնին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG