Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի երիտթեւերը՝ ՀՅԴ-ի բողոքի ակցիաների մասին


Հայ Յեղափողական Դաշնակցության` երեկվանից մեկնարկած բողոքի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են նաեւ կուսակցության երիտթեւի անդամները: Երկու այլ քաղաքական ուժերի` Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդ անդամները «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում մեկնաբանեցին Դաշնակցության գործողությունները:

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական խորհրդի անդամ Արեն Մանուկյանը չխուսափեց դաշնակցականների այս քայլին սուր բնութագրում տալուց` տեսնելով թաքնված միտում. - «Մի բառով` ուղղակի մեյմունություն: Ամենատիպիկ բառն է, որ կարող է նկարագրել նրանց այս քայլն ու պահվածքը¦»:

Արեն Մանուկյանի կարծիքով, սա Դաշնակցություն - իշխանություն հերթական համագործակցության մի տարբերակ է. - «Խաղում են Սերժ Սարգսյանի խաղը. իմիտացիա դրսի համար, որ Հայաստանում ինչ-որ ուժեր դեմ են [հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին]»:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը ՀՅԴ-ի կողմից իրականացվող բողոքի ակցիաներին նորմալ է վերաբերում: Իրենց կուսակցությունը, Հովհաննիսյանի խոսքով, դեմ չէ պայքարի նման միջոցներին. - «Դաշնակցությունը կայացած կուսակցություն է, ընտրել է իր տեսակետները առաջ տանելու պայքարի միջոցը»:

Միաժամանակ Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախաստորագրված արձանագրությունների ու նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության մեջ որեւէ վտանգավոր բան չեն տեսնում:

Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը սպասում էր Դաշնակցության նման քայլի, ու սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Դաշնակցությունը ընդդիմություն չէ:
XS
SM
MD
LG