Մատչելիության հղումներ

Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց


Երեւանում ավարտվեց 2009 թվականի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 300 մարզիկ-մարզուհիներ՝ 38 երկրներից։ Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ուկրաինան` վաստակելով 2 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:

Առաջնությունում Հայաստանը ներկայացնող 13 մարզիկներից մեդալ նվաճեցին երեքը: Գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը իր քաշային կարգում դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ` գրավելով վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

«Այս առաջնությունը մեր հավաքականի համար հերթական ուժերի ստուգատեսն էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանը:

Առաջնությանը մասնակցության նախնական հայտ ներկայացրած Լիտվայի եւ Սլովակիայի հավաքականները չժամանեցին Երեւան: Մասնակից երկրներից 7-ը իրենց երկիր վերադարձան ձեռնունայն:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ պատվիրակությունների մեծ մասն արդեն մեկնել են, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականները։

Ադրբեջանի մարզական պատվիրակությունը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ մասնակցելով Հայաստանում տեղի ունեցող մարզական միջոցառման, բավական բարձր արդյունավետություն ցուցաբերեց։ Ադրբեջանցի բոլոր 5 մարզիկները առաջնությունում մեդալների արժանացան՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ:

100 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Էլմար Գասիմովը եւ մեդալների հանձնման արարողությունից հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բարձրացվեց Ադրբեջանի դրոշը եւ հնչեց Ադրբեջանի օրհներգը:

Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության հասարակայնության հետ կապերի մասնագետ Հրաչուհի Բարսեղյանի փոխանցմամբ, Ադրբեջանի հավաքականի անվտանգության, ելույթների, կամ դրոշի բարձրացման հետ կապված որեւէ միջադեպ տեղի չի ունեցել։

«Սպորտում ձեռք են սեղմում ուժեղագույնին։ Եթե այդ քաշային կարգում ուժեղագույնն էր Ադրբեջանի ներկայացուցիչը, բնականաբար, պիտի Ադրբեջանի հիմնը հնչեր եւ բոլոր ներկաներն էլ պիտի կանգնեին, որովհետեւ Հայաստանի հիմնի ժամանակ էլ բոլորը կանգնել են։ Դահլիճի 70 տոկոսը ոտքի էր կանգնած», - պարզաբանեց Բարսեղյանը։

Հայաստանի հարեւան երկրներից՝ Վրաստանը գրավեց 8-րդ հորիզոնականը, իսկ Թուրքիան` 14-րդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG