Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել «Ժառանգության» ղեկավար անդամներին


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցություն հիմնադիր, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես շաբաթ օրը լրագրողներին ասաց «Ժառանգություն»-ից հեռացված անդամներից Զոյա Թադեւոսյանը, կուսակցության ղեկավար անդամներին դիմել է նամակով, որը սեպտեմբերի 9-ին ստացել են նաեւ հեռացված անդամները:

«Նամակը սկսվում էր ցավով, որ կուսակցությունում այդպես էլ տեղի չունեցավ փոխըմբռնում, փոխզիջում, եւ ավարտվում էր հետեւյալ տողերով՝ «այսօր ես ստիպված եմ տալու իմ քաղաքական կյանքի վերջին հրաժարականը եւ դուրս եմ գալիս կուսակցությունից», - ասաց Թադեւոսյանը:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ ուղղել է կուսակցության ղեկավար անդամներին, սակայն նշեց, որ նամակը «փակ» է եւ «հրապարակման ենթակա չէ»:

«Ես կարող եմ միայն հերքել այդ ապատեղեկատվությունը, թե իբր նա [Հովհաննիսյանը] հեռանում է», - ասաց Խուրշուդյանը՝ հավելելով. - «Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է «Ժառանգության» անդամ»:

Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունում պառակտումը սկսվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից:

«Ժառանգություն»-ից հեռացված անդամները եւ կուսակցության նորընտիր ղեկավարությունը միմյանց մեղադրում են կուսակցությունը կազմաքանդելու փորձերի, կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունների ընթացքում կեղծիքներ կատարելու, այլ կուսակցությունների շահերը սպասարկելու մեջ:

Զոյա Թադեւոսյանը շաբաթ օրը կուսակցության վարչության նախագահ ընտրված Արմեն Մարտիրոսյանին մեղադրեց իշխանամետ գործունեություն ծավալելու մեջ:

Զոյա Թադեւոսյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«Ինձ համարում են Հայ ազգային կոնգրեսի գործակալ», - ասաց Թադեւոսյանը: - «Ես գտնում եմ, որ դա, իհարկե, անհեթեթություն է: Բայց, ամեն դեպքում, եթե ես համագործակցում եմ ընդդիմադիր դաշտի կուսակցությունների հետ, ես վատ արարք եմ թույլ տալիս՝ ըստ նրանց գնահատականների: Բայց, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության վարչության անդամ է: «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը պատկանում է [Հայաստանի գլխավոր դատախազ] Աղվան Հովսեփյանին»:

Զոյա Թադեւոսյանը ասաց նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակից հետո իրենք որոշել են դադարեցնել կուսակցության արտահերթ համագումարի պահանջով ստորագրահավաքը, եւ սկսելու են զանգվածաբար լքել կուսակցությունը:

«Որովհետեւ այդ կուսակցությունը այլեւս «ժառանգություն» չէ, որովհետեւ այդ կուսակցությունը պատկանում է Արմեն Մարտիրոսյանին», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Ժառանգություն»-ն ասոցիացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թող նրանք գտնեն իրենց համար մեկ այլ լոգո»:

Հովսեփ Խուրշուդյանը այս կապակցությամբ ասաց, թե հեռացված անդամներն արդեն «բացահայտ ցանկանում են կազմաքանդել կուսակցությունը», եւ հավելեց, թե «Ժառանգություն»-ը կուսակցություն է եւ որեւէ անձի չի պատկանում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ են պատրաստվում անել, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց, որ կհիմնեն «համախոհների ակումբ», որը կլինի «ընդդիմադիր շարժման հետ»:

Արմեն Մարտիրոսյանը նույնպես ասաց, թե «Ժառանգություն»-ը շարունակելու է գործել ընդդիմադիր դաշտում. - ««Ժառանգություն»-ը ինչպես կա, այնպես էլ մնալու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG