Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը


Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն-2009, Երեւան
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00


Սեպտեմբերի 11-ին Երեւանում մեկնարկեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կայքէջի տվյալներով, Հայաստանում ընթացող առաջնությանը մասնակցում են 38 երկրների տղամարդկանց եւ կանանց հավաքականները, ընդհանուր առմամբ՝ 295 ձյուդոիստներ։

Մրցույթի առաջին օրը լավագույն արդյունք են ցուցադրել Բելգիայի հավաքականի մարզիկները` նվաճելով 2 ոսկե մեդալ։ Հայաստանի հարեւան երկրներից՝ Վրաստանը նվաճել է 1 ոսկե մեդալ, Թուրքիան՝ 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, Ադրբեջանը՝ 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ։ Հայաստանն առայժմ իր հաշվին գրանցել է ընդամենը 2 բրոնզե մեդալ։

Երեւանում անցկացվող 2009 թվականի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում եւ Ադրբեջանում, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, առաջին անգամ Ադրբեջանի պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է մարզական միջոցառման:

Կարծում եմ, որ ձյուդոն նույնպես կարող է դառնալ երկու ժողովուրդների միջեւ երկխոսության միջոց ...
«Կարծում եմ, որ ձյուդոն նույնպես կարող է դառնալ երկու ժողովուրդների միջեւ երկխոսության միջոց», - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Աղայար Ախուն-Զադեն։ - «Գիտենք, որ այստեղ անցկացվել է նաեւ բոքսի աշխարհի առաջնությունը, եւ [Բաքվում] ոմանք միգուցե զղջացել էին, որ չէին եկել։ Սպորտը քաղաքականություն չէ, եւ քաղաքականությունը թող մնա որպես քաղաքականություն։ Օրինակ, երեկ վիճակահանության ժամանակ, տարբեր երկրների ձյուդոյի ֆեդերացիների ներկայացուցիչները ողջունեցին այն փաստը, որ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտություն կա, բայց [երկու երկրների] մարզիկները այստեղ են, բոլորը ծափահարում էին», - հավելեց Ադրբեջանի հավաքականի ավագ մարզիչը։

Ադրբեջանական պատվիրակությունը Երեւան է ժամանել 15 հոգանոց կազմով` այդ թվում 5 մարզիկ, 3 մարզիչ, 2 բժիշկ, 1 մրցավար, 1 լրագրող, 1 օպերատոր, եւ 2 ղեկավար։ Ադրբեջանցիները տեղավորվել են «Կոնգրես» հյուրանոցում եւ նրանց անվտանգությունը շուրջօրյա ապահովում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Մարզահամերգային համալիրում ադրբեջանական պատվիրակության գրեթե յուրաքանչյուր անդամի կողքին կանգնած էր սպորտային կազմվածքով եւ սեւ կոստյումով ԱԱԾ-ի առնվազն մեկ աշխատակից։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի պատվիրակությունը այսի հետ կապված վախ կամ մտահոգություններ ուներ, Աղայար Ախուն-Զադեն պատասխանեց. - «Ոչ, վախ չկար, որովհետեւ, եթե պետությունը [անվտանգության] երաշխիքներ է ներկայացնում դա արդեն խաղալիք չէ»։

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարների միջեւ համաձայնագիր էր ստորագրվել, որով հայկական կողմը երաշխավորում է ադրբեջանական մարզիկների անվտանգությունը Երեւանում։

Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանում եղել Խորհրդային Միության փլուզումից առաջ. - «Անդրկովկասյան խաղերն էին։ Դրանից հետո այստեղ չենք եղել։ Երեւանն, իհարկե, փոխվել է, այդ պատճառով էլ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է փոխվել։ Անվտանգ ու ազատ ենք այստեղ մեզ զգում, քաղաքով ենք շրջել։ Ասեմ, որ առաջնությունն էլ լավ է անցկացվում։ Այստեղ ազատ ենք մեզ զգում, թե՛ դահլիճում, թե՛ տրիբունայում»։

2007 թվականին Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ելույթները ուղեկցվում էին տրիբունաներից թշնամական բացականչություններով եւ սուլոցներով։

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության լրագրող Գյունդուզ Աբասզադեն, ով օպերատոր Ազեր Գարաեւի հետ եկել է լուսաբանելու առաջնությունը, վստահ է, որ Հայաստանի Անվտանգության ծառայությունները իրենց կպահպանեն անախորժություններից։

«Մենք կարծում էին, թե այստեղ պետք է լինի զինված ինչ-որ պահակախումբ, որը մեզ պետք է պահպանի, բայց նման բաներ մենք չտեսանք։ Մենք մեզ շատ ապահով ու ազատ ենք զգում։ Ճիշտ է որոշակի սահմանափակումներ կան, ինչը եւ բնական է, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, նորմալ», - ասաց Աբասզադեն։

Երեւան ժամանած 37 երկրների հավաքականներից երեքի համար` այդ երկրների խնդրանքով, Հայաստանի ազգային անվտագության ծառայությունը թիկնապահներ է հատկացրել։ Ադրբեջանից բացի թիկնապահներ են առանձնացվել Թուրքիայի եւ Իսրայելի պատվիրակությունների անդամների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG