Մատչելիության հղումներ

Ուրուգվայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ


Ուրագվայի իշխանությանը մաս կազմող Սոցիալիստական կուսակցության ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված նախնական համաձայնության վերաբերյալ:

Ուրուգվայի սոցիալիստները «գոհունակություն են հայտնում այն փաստի առնչությամբ, երբ աշխարհի ցանկացած մասում ժողովուրդները կամ երկրները դիմում են երկխոսության՝ իրենց հարաբերությունները բարելավելու կամ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու նպատակով, ուստի ողջունելի է Թուրքիայի եւ Հայաստանի պարագան»:

«Սակայն բանակցությունները դրական կլինեն, երբ շահում են երկու կողմերը: Եթե մի կողմն է միայն շահում, ապա ոչ թե լուծվում են հարցերը, այլ նոր հակամարտություն է ծնվում», - նշվում է հայտարարությունում:

Ուրուգվայի սոցիալիստական կուսակցությունը, սակայն, «պարտավորություն է զգում զգուշացնելու այն դրույթի առնչությամբ, որը վերաբերում է պատմական հարցերին եւ մասնագետների ենթահանձնաժողովին, որն իբր պետք է վճռի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն եղել է թե ոչ»՝ նշելով. - «Դժվար չէ արձանագրել, որ այս կետը վիրավորում է մարդկային արժանապատվությունը»:

Հայտարարությունը ստորագրել են կուսակցության ընդհանուր քարտուզար Էդուարդո Ֆերնանդեսը եւ միջազգային հարաբերությունների գծով քարտուղար Մանուել Լագուարդան:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ «1965-ին Ուրուգվայի Հանրապետությունը ընդունել է օրենք՝ դատապարտելով 1915 թվականի ցեղասպանությունը», եւ կոչ է արվում աշխարհին «զորակցություն հայտնել հայ ժողովրդի ճշմարտության եւ արդարության պայքարին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի արդար պահանջատիրությանը»:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG