Մատչելիության հղումներ

Վլադիմիր Վորոնինը հրաժարական տվեց Մոլդովայի նախագահի պաշտոնից


Մոլդովայի կոմունիստ նախագահ Վլադիմիր Վորոնինը այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

Վորոնինը, ով Մոլդովան ղեկավարում էր 2001 թվականից, իր հայտարարությունում հայտնել է, թե պաշտոնաթող է լինում եւ իշխանությունը արեւմտամետ ընդդիմադիրներին է հանձնում «ծանր սրտով», եւ որ «չի հավատում նոր կառավարության` ղեկավարելու ունակություններին՚:

Մոլդովայի նախկին նախագահը հայտնել է, որ որոշել է իբրեւ պատգամավոր շարունակել իր քաղաքական գործունեությունը:

Մինչեւ նոր նախագահի ընտրությունը երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խորհրդարանի խոսնակը:

Մոլդովայում հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել արեւմտամետ չորս կուսակցությունների կոալիցիան: Թեեւ արեւմտամետները խորհրդարանում բավարար մեծամասնություն ունեն` կառավարություն կազմելու համար, այդուհանդերձ, նրանք չունեն երկրի նախագահի ընտրությունն ապահովելու համար պահանջվող` պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ը: Եթե նախագահի թեկնածուներից որեւէ մեկը խորհրդարանում չստանա 61 ձայն, նորընտիր խորհրդարանը կարող է լուծարվել:

Այս տարվա ապրիլի 5-ին Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրություններին հաջորդել էին բախումները իրավապահների եւ ընդդիմության միջեւ, որը իշխող կոմունիստներին մեղադրում էր զանգվածային ընտրախախտումների մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG