Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունը Հարավային Կովկասի համար նոր մարտավարություն է մշակում


Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք երկրների համար նոր մարտավարություն է մշակում: Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում հերթական անգամ հավաքվող Եվրամիության երկրների արտգործնախարարները ծրագրում են քննարկել այդ հարցը` ինչպե՞ս ձեռք մեկնել տարածաշրջանի երեք երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:

Ապագայում կյանքի կոչվելիք այդ սկզբունքները հուշում են, որ Վրաստանը այդ նոր ծրագրով զրկվում է տարածաշրջանում ունեցած առաջատար կարգավիճակից:

Եվրամիության պաշտոնյաները կարծում են, որ Եվրամիությունում ներկայումս նախագահող Շվեդիան պետք է մանրակրկիտ մի փաստաթուղթ մշակի, որտեղ կնշվեն Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին վերաբերող` Եվրամիության բոլոր նպատակները, քանի որ Հարավային Կովկասին վերաբերող երկու նախորդ ծրագրերն էլ` թե' Եվրոպական հարեւանության եւ թե' Արեւելյան գործընկերության, նրանց կարծիքով, չեն կարողացել պատասխանել հարցին` ի վերջո, ի՞նչ քաղաքականությամբ առաջնորդվել Կովկասում:

Առաջինը, ինչ հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցին Հարավային Կովկասի տարածաշրջանում եվրոպական այդ նոր ռազմավարության մասին, այն է, որ նոր ծրագրում ներառված սկզբունքները չեն տարբերվի եվրոպական արդեն իսկ գործող քաղաքականությունից:

Եվրամիության հիմնական նպատակը կշարունակի մնալ նույնը. որքան հնարավոր է` իր օրենսդրությանը մոտեցնել երեք երկրների օրենսդրությունները:

Եվրամիությունը ընդունում է, որ Հարավային Կովկասը իր համար կարեւորություն է ձեռք բերում նաեւ տարածաշրջանային կայունության, էներգետիկ եւ առեւտրի ոլորտներում: Բոլոր երեք երկրներին այս առումով կառաջարկվի ընկերային համաձայնագիր կնքել Եվրոպայի հետ, որը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար կենթադրի առեւտրի, նաեւ վիզային ռեժիմի ազատականացում, սակայն Եվրամիությանը անդամակցություն, ինչպես եւ նախկինում, երեք երկրներին չի առաջարկվի:

Եթե երկրները շահագրգռված են համագործակցությամբ, ապա, եվրոպացի պաշտոնյաների հավաստմամբ, նրանց կտրվի այդ հնարավորությունը, եւ նրանցից յուրաքանչյուրի առաջընթացը պայմանավորված կլինի ցուցադրած արդյունքներով: Բայց երեք երկրները մեկը մյուսին առաջ շարժվելու համար չեն կարող խոչընդոտել այս ծրագրով:

Ծրագրի նորությունը նաեւ այն է, որ Եվրամիությունը վերադառնում է տարածաշրջանային մոտեցման, այսինքն` այն առաջարկները, որոնք կներկայացվեն, երեք երկրների համար էլ նույնը կլինեն: Սա, ըստ էության, նշանակում է, որ վերջ կտրվի տարածաշրջանում Ուկրաինայի կարգավիճակին հավասարվելու` Վրաստանի հավակնություններին. Վրաստանը Եվրամիությունից սպասվող նոր առաջարկների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միեւնույն դիրքում կհայտնվի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG