Մատչելիության հղումներ

Լրացավ «Սեպտեմբերի 11»-ի 8-րդ տարին


Ուրբաթ օրը լրանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 8-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձությունների շուրջ 3 հազար զոհերի հիշատակի միջոցառումներ կկայանան Նյու Յորքում եւ ամերիկյան այլ քաղաքներում, Պենտագոնում նախատեսված է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ելույթը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Ղաիդա» ընդհատակյա խմբավորման 19 ահաբեկիչների առեւանգած չորս ուղեւորատար ինքնաթիռներից երկուսը մխրճվեցին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ երկնաքերների մեջ, մեկ օդանավ բախվեց Պենտագոնի շենքին, չորրորդն էլ ընկավ Փենսիլվանիա նահանգում:

Մոլորակի գերտերության նկատմամբ «Ալ-Ղաիդա»-ի հարձակումը աննախադեպ էր։

«Ալ-Ղաիդա» արաբերեն նշանակում է «հենակետ»։ Այն ստեղծել է Ուսամա Բին Լադենը, ով Սաուդյան Արաբիայի մեծահարուստ գերդաստաններից մեկի` շինարարական բիզնեսով զբաղվող Բին Լադենի ընտանիքի զավակն է։

2001 թվականի սեպտեմբերյան ողբերգությունից հետո Միացյալ Նահանգները արտակարգ միջոցներ ձեռնարկեց` անհաշտ պատերազմ հայտարարելով համաշխարհային ահաբեկչության դեմ։

Օրեր անց ամերիկյան զինուժը ներխուժեց Աֆղանստան եւ հարվածներ հասցրեց` հայտարարելով, որ նպատակը ահաբեկիչներին սատարող թալիբների ռեժիմը տապալելը եւ «Ալ-Ղաիդա»-ի ռազմակամ հենակետերը ոչնչացնելն է։

Առ այսօր Ուսամա Բին Լադենի ճակատագիրը հայտնի չէ, բազմիցս հաղորդվել է նրա մահվան մասին, սակայն ամեն անգամ մոլորակի թիվ մեկ ահաբեկիչը որոշ ժամանակ անց հանդես է եկել նոր սպառնալիքներ պարունակող տեսաուղերձներով։

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Նայջել Ինքսթերի համոզմամբ, «Ալ-Ղաիդա»-ի գերագույն ղեկավարները, ամենայն հավանականությամբ, ապաստանել են Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի շրջանում։ Նա ենթադրում է, որ Ուսամա Բին Լադենը ողջ է։

Վերլուծաբանները նշում են, որ պատերազմը համաշխարհային ահաբեկչության դեմ շարունակվում է, եւ դրա մոտալուտ ավարտը հավանական չի թվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG