Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարության թեժ գիծը «թեժացել» է


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսում: 9-ը սեպտեմբերի, 2009թ.
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսում: 9-ը սեպտեմբերի, 2009թ.

Լրացավ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման 100 օրը։ Այս առիթով նախարարն այսօր հանդիպեց լրագրողների հետ։ Ամփոփելով իր գործունեությունն ու արված աշխատանքը՝ նախարարն անդրադարձավ նաեւ ոլորտի խնդիրներին։

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ուսումնական տարվա մեկնարկի հետ թեժացել է նախարարության թեժ գիծը։ Թեեւ դրամահավաքներից դժգոհողները հիմնականում վկայակոչում են երեւանյան դպրոցները, այդ շարքում քիչ չեն նաեւ մարզային դպրոցները։

«Ուզում եմ զգուշացնել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ նախարարի փոփոխությամբ ավարտվել է այն էպոպեան, որը կար` ապօրինի դրամահավաքների հետ կապված։ Ոչ, չի ավարտվել։ Ցավոք, ստացվող ահազանգերի ճնշող մեծամասնությունն անանուն է։ Մենք չունենք հիմք տեղում վկայակոչելու այս կամ այն մարդուն», - ասաց նախարարը՝ հավելելով. - «Այդուհանդերձ, յուրաքանչյուր զանգ ստուգվելու է»:

Իր պաշտոնավարման ընթացքում նախարարը զավեշտալի մի շարք խնդրանքներ է ստացել։ Չցանկանալով մանրամասնել խնդրանքների բովանդակությունը` Աշոտյանն ասաց. - «Ես զավեշտալի խնդրանքներ եմ ստանում, բայց չեմ ցանկանում դրանք թվարկել։ Ի դեպ, խնդրանքները թե' շարքային քաղաքացիներից են, թե' քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից»:

Նախարարի համոզմամբ, կրթության եւ գիտության դաշտը կարգավորող օրենսդրությունը հեռու է կատարյալ լինելուց։ Նրա խոսքով` օրենսդրության մեջ առկա են բազմաթիվ բացեր եւ խոչընդոտներ, որոնք հարկավոր է շտկել: Հարկավոր է նաեւ այս ուղղությամբ կադրային ճիշտ քաղաքականություն վարել` խուսափելու համար կաշառածին եւ արատավոր մի շարք երեւույթներից։
XS
SM
MD
LG