Մատչելիության հղումներ

Տորոնտոյի հայ համայնք. «Արձանագրությունները հայությանը պարտադրվող նախապայմանների շարան են»


Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունները «ոչ այլ ինչ են, եթե ոչ համայն հայությանը պարտադրվող նախապայմանների շարան, ուր միակ տուժողը հայկական կողմն է հանդիսանում»: Այդ մասին հայտարարել են Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները:

Երեք ավանդական կուսակցությունների` Հայ հեղափոխական դաշնակցության, Ռամկավար ազատական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության տեղական մարմինների կողմից անցած շաբաթավերջին կազմակերպված համահամայնքային հավաքի մասնակիցները իրենց ընդունած հայտարարությունում համոզմունք են հայտնում, որ «արձանագրություններում հստակ եւ նպատակադրված ճիգ կա հայ ժողովրդի պատմական իրավունքների հետապնդման երթին հարվածելու եւ հայությունը բեւեռացման մղելով պառակտելու»:

Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչների պնդմամբ, «արձանագրությունների հիմնական պայմանների` հայկական կողմի վավերացմամբ հայությունը կորցնում է իր բռնագրավված պատմական տարածքը վերականգնելու առիթը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումները անդառնալի հարված են ստանում եւ նսեմացվում, Արցախյան հիմնահարցի ծիրում` բանակցային դիվանագիտական մրցավազքում հայտնվում ենք հավելյալ զիջումներ կատարելու պարտադրանքի դիմաց»:

«Հայ ժողովրդի դարավոր արդար դատին հակադրվող պարտվողական այս նախագիծը վտանգավոր հետեւանքներով լի է, հայ ժողովրդի ապագա գոյատեւմանը եւ Հայաստանի ազգային անվտանգությանը ուղղված հարված է», - հայտարարում են Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի ներկայիս վարչակազմին կոչ անելով «չենթարկվել տարաբնույթ միջազգային ճնշումներին եւ «զերծ մնալ նման նախագիծը առաջ մղելու ու դրա տրամադրություններին անձնատուր լինելու քայլից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG