Մատչելիության հղումներ

Ուգո Չավեսը Մոսկվա է ժամանում ... Վենետիկի կինոփառատոնից


Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, չորեքշաբթի օրը ժամանում է Մոսկվա: Նա Ռուսաստան է գալիս Իտալիայից, որտեղ մասնակցում էր Վենետիկի 66-րդ միջազգային կինոփառատոնին:

Վենետիկում ներկայացվել է Օլիվեր Սթոունի նոր` «Սահմանից հարավ» վավերագրական ֆիլմը` նվիրված Հարավային Ամերիկայում տիրող իրավիճակին: Օլիվեր Սթոունը ֆիլմում ընդգրկել է իր հարցազրույցները Լատինական Ամերիկայի յոթ երկրների նախագահների հետ, սակայն, քննադատների բնորոշմամբ, «կինոնկարի հեղինակը ամենամեծ համակրանքը տածում է ֆիլմի գլխավոր հերոսի` Ուգո Չավեսի հանդեպ»:

«Ո՞վ է Ուգո Չավեսը, ովքե՞ր են Լատինական Ամերիկայի պետությունների մյուս ղեկավարները, որ վերջին տարիներին են եկել իշխանության», - ֆիլմում այս հարցի պատասխանն է փորձում գտնել ամերիկացի ռեժիսորը:

Վենետիկում Չավեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սթոունը վստահեցրել է, որ այդ հարցի պատասխանը արդեն գտել է: «Դեռ շատ խնդիրներ կան Վենեսուելայում, սակայն այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել այդ երկրում 2000 թվականից ի վեր, պարզապես հրաշալի են», - հայտարարել է աշխարհահռչակ ռեժիսորը:

Ուգո Չավեսն էլ, դիտելով իր մասին պատմող ֆիլմը, ասել է. - «Այս ֆիլմի ի հայտ գալը Լատինական Ամերիկայի ժողովուրդների նկատմամբ տածած սերը ցուցադրելու, մեր դիմադրությանը հարգանքի տուրք մատուցելու լավագույն միջոցն էր»:

Օլիվեր Սթոունը, սակայն լուրջ կասկածներ ունի, որ Միացյալ Նահանգներում քչերին հնարավորություն կտրվի դիտել այս ֆիլմը: «Մեր երկրում մարդիկ շարունակում են սահմանից հարավ ընկած տարածքներն ընկալել որպես Ամերիկայի ետնաբակ: Որպես հետեւանք` Լատինական Ամերիկայի մասին ֆիլմերը մեծ դժվարությամբ են հասնում ամերիկացի հանդիսատեսին: Այդպես էր Ջիմի Վուդզի «Սալվադոր» ֆիլմի պարագայում: Ֆիդել Կաստրոյի մասին պատմող «Կոմանդանտե» ֆիմն էլ HBO ալիքը եթերից հանեց ցուցադրումից երկու շաբաթ առաջ», - նշել է Օլիվեր Սթունը` չբացառելով, որ ամերիկյան առաջատար հեռուստաալիքները եւս չցանկանան ցուցադրել մի ֆիլմ, որի գլխավոր հերոսն է Ուգո Չավեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG