Մատչելիության հղումներ

Եվրոպացի փորձագետները կոչ են անում շարունակել հայ-թուրքական բանակցությունները


Եվրոպացի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ` Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մահտի Ահտիսաարի ղեկավարությամբ, հորդորում են Թուրքիայի իշխանություններին շարունակել բարեփոխումները եւ դրանցով ապացուցել, որ Թուրքիան ունակ է եւ կարող է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Այդ ճանապարհին կարեւորագույն խնդիրների թվում փորձագետներն առանձնացնում են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

Փորձագետների անկախ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Լեհաստանի նախկին արտգործնախարարները, Ֆրանսիայի նախկին վարչապետն ու Եվրահանձնաժողովի նախկին ղեկավարները, քննադատել են Եվրամիության առաջնորդներին` Թուրքիայի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար եւ հորդորել են շարունակել բանակցությունները` Անկարայի Եվրամիությանն անդամակցության շուրջ։

«Թուրքիան արդարացի վերաբերմունքի չի արժանանում Եվրամիության երկրների կողմից», – պնդում են հեղինակավոր փորձագետներն ու շարունակում. - «Եվրոպացի առաջնորդների այս բացասական դիրքորոշումը հարցականի տակ է դնում վստահությունը Եվրամիության եւ դրա ընդունած որոշումների նկատմամբ, մինչդեռ բանակցությունների սառեցումը նշանակում է, որ Եվրամիությունը չարաշահում է Թուրքիայի համբերությունը, հրահրում է ազգայնականությունը երկրի ներսում եւ ստեղծում է տպավորություն, որ Թուրքիայի հանդեպ Եվրամիությունը խտրական վերաբերմունք է կիրառում»։

Մյուս կողմից, փորձագետները հորդորում են Թուրքիայի իշխանություններին շարունակել բարեփոխումները եւ դրանցով ապացուցել, որ Թուրքիան ունակ է եւ կարող է դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ ճանապարհին կարեւորագույն խնդիրների թվում փորձագետները առանձնացնում են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

«Անցած տարիների ընթացքում երկու երկրների միջեւ գաղտնի բանակցություններ էին ընթանում, իսկ Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո բոլորովին նոր էջ բացվեց», - գրում են փորձագետներն ու ընդգծում. - «Աբդուլա Գյուլն ու Սերժ Սարգսյանը էական քաղաքական խիզախություն ցուցաբերեցին եւ կոտրեցին տաբուները, որոնք տեւական ժամանակ բացառում էին առաջընթացի հնարավորությունը»։

Ըստ փորձագետների, Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների արդյունքում Թուրքիան սկսել է անցյալի հետ հաշտվելու եւ 1915 թվականի իրադարձությունները հրապարակայնորեն քննարկելու գործընթաց. - «Վերջին տասնամյակում էական փոփոխություն է տեղի ունեցել Թուրքիայում հայկական հարցի նկատմամբ. առավել մեծ թվով աղբյուրներ են հասանելի դարձել հասարակությանը, գրական գործիչներն են սկսել այս թեմայի շուրջ ստեղծագործել` ներկայացնելով, իրենց համոզմամբ, ճիշտն ու սխալը, ի վերջո 30 հազար թուրք մտավորականներ են միացել հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությանը»։

Միեւնույն ժամանակ, փորձագետները հորդորում են մի կողմ թողնել այս հարցում օտարեկրյա խորհրդարանների ճնշումները եւ Ցեղասպանության ճանաչման շուրջ բանաձեւերը՝ պնդելով, որ սա մի խնդիր է, որ Թուրքիան ինքնուրույն պետք է լուծի։

Կոչ անելով կողմերին շարունակել բանակցությունները` անկախ փորձագիտական խումբը փաստում է. - «Դա թույլ կտա Հայաստանին դուրս գալ տասնամյակների մեկուսացումից, կրճատել տոտալ կախվածությունը Ռուսաստանից, ելք բացել դեպի Եվրոպա։ Թուրքիայի դեպքում դա կնպաստի Եվրամիության անդամակցությանը. թեեւ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը որպես նախապայման արձանագրված չէ, այդուամենայնիվ, դա լուրջ ուղերձ կհանդիսանա եվրոպացիներին անցյալի հետ հաշտվելու եւ հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG