Մատչելիության հղումներ

Բացվում է Շեքսպիրյան միջազգային փառատոնը


Երկուշաբթի երեկոյան Երեւանի քաղաքապետարանում հանդիսավորությամբ բացվում է Վահրամ Փափազյանի անվան ամենամյա միջազգային շեքսպիրյան փառատոնը:

Մայրաքաղաքի տարբեր բեմահարթակներում սեպտեմբերի 8-ից հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել տարբեր երկրներից ժամանած թատերախմբերի շեքսպիրյան բեմադրությունները:

Փառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ծրագրում ներառված են «շատ հետաքրքիր եւ ուշագրավ ներկայացումներ»:

Փառատոնի շրջանակներում առաջին ներկայացումը տեղի կունենա երեքշաբթի օրը Սունդուկյանի անվան թատրոնի բեմում. Մոսկոյվյան «Էթսետերա» թատրոնը կներկայացնի հայտնի «Շեյլոկ» բեմադրությունը, որի ռեժիսորը Ռոբերտ Ստուրուան է, իսկ գլխավոր դերակատարը Ալեքսանդր Կալյագինը:

«Ես հակված եմ ունենալ 3-4 բարձրարժեք ներկայացումներ», - ասաց Հակոբ Ղազանչյանը: - «Դրոշակները չհաշվենք, թե քանի երկիր է... Պետք է այնպես անենք, որ փառատոնից ինչ-որ բան հիշվի: Անցած տարի, օրինակ, ես կասկած չունեմ, որ անցած տարվանից ե'ւ Ռուսթավելու թատրոնի «Համլետը» մինչեւ հիմա հիշվում է, ե'ւ ՄԽԱՏ-ի [Մոսկվայի գեղարվեստական թատրոնի] «Համլետն» է մինչեւ օրս հիշվում»:

Փառատոնի շրջանակներում երկու ներկայացում է Երեւան բերել հանրահայտ Պիթեր Բրուկի դուստրը՝ Իրինա Բրուկը: Ներկայացումներից մեկը շեքսպիրյան չէ՝ «Ինչ-որ տեղ Լամանչում»:

«Մենք ունենք փառատոնի առանձնացված ծրագիր», - պարզաբանեց Ղազանչյանը՝ հավելելով, որ բացի այդ ոչ-շեքսպիրյան մեկ բեմադրություն էլ կներկայացնի Կալյագինի ղեկավարած թատերախումբը:

Փառատոնին, բնականաբար, մասնակցում են նաեւ հայաստանյան թատերախմբերը՝ նոր ներկայացումներով: Հանդիսատեսը կկարողանա դիտել նաեւ շեքսպիրյան 4 մոնոներկայացում:

«Կլինեն նաեւ շեքսպիրյան 7 ներկայացումների տեսացուցադրություններ Թատերական գործիչների միությունում՝ Անջեյ Ժիրովսկու մեկնաբանությամբ», - հավելեց Հակոբ Ղազանչյանը:

Լեհ հանրահայտ շեքսպիրագետ եւ թատերագետ Անջեյ Ժիրովսկին այս տարի եւս փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG