Մատչելիության հղումներ

ԱՀՀ. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայից պահանջում է համակերպվել իր անցյալի հետ»


Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների կարգավորումը` առանց նախապայմանների: Այդ մասին ասված է հայ - թուրքական վերջին համաձայնությունների վերաբերյալ կազմակերպության հայտարարությունում:

«Հայաստանի իշխանությունները պարզաբանեցին, որ առանց նախապայմանների նշանակում է հենց այն, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ, ոչ մի պայման չպետք է դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, կամ ցեղասպանության լինել-չլինելը քննարկվի հանձնաժողովի ֆորմատ ունեցող գործընթացով», - նշում է Ամերիկայի հայկական համագումարը:

«ԱՄՆ-ն հստակ խոսել է այն մասին, որ Թուրքիան պետք է վերացնի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Թուրքիայի` Հայաստանի շրջափակման վերացումը եւ սահմանի բացումը ոչ միայն շատ ուշացած, այլեւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություն է: Այս երկարատեւ ջանքերը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջի հավատարիմ մնալ Հայաստանի վերաբերյալ իր խոստումներին», - ասված է Ամերիկայի հայկական համագումարի չորեքշաբթի օրվա հայտարարությունում:

Միաժամանակ, ինչպես ընդգծում է կազմակերպությունը, «թեեւ օգոստոսի 31-ի հայտարարությունը կարեւոր քայլ է, փորձը ցույց է տվել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայից պահանջում է համակերպվել իր անցյալի հետ»:

«Նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճարտարորեն խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Մենք լիովին համաձայն ենք եւ հորդորում ենք նախագահ Օբամային ու ԱՄՆ-ի Կոնգրեսին` աներկբա հաստատել Հայոց ցեղասպանությունը: Այդ անելով, Միացյալ Նահանգները ԱՄՆ-ի պատմության մեջ պարծանքի արժանի էջ էր բացել դեռեւս այն ժամանակ` օգնության ձեռք մեկնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածներին», - ասված է հայտարարությունում:

Ամերիկայի հայկական համագումարը «խրախուսում է Թուրքիայի իշխանությունների` առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առնչությամբ տված խոստումները», սակայն, միաժամանակ, հիշում է, թե ինչպես է Թուրքիան անցյալում բազմիցս դրժել իր խոստումները:

«[Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված] Արձանագրությունները նշում են ստույգ ժամկետներ, եւ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր խոստումներին` ցուցադրելով զգալի արդյունքների եւ անկեղծորեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG