Մատչելիության հղումներ

Հունաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը երեկ երեկոյան հեռարձակված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։

Հունական աղբյուրները նշում են, որ նման քայլի գլխավոր պատճառը երկրի տնտեսությունում ստեղծված անմխիթար վիճակն է: Ներդրումների ծավալը վերջին տարում զգալիորեն կրճատվել է, ինչի հետեւանքով Աթենքի ֆոնդային բորսայի ինդեքսը մոտ երեք տոկոսի անկում է արձանագրել։ Սա անկման ամենաբարձր ցուցանիշն է Եվրամիության տարածքում գործող բոլոր բորսաների շարքում։

«Տնտեսական ճգնաժամի հետեւանքները բոլորս ենք զգում, ուստի հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել եւ մաքրել քաղաքական դաշտը։ Կառավարությանը հարկավոր է օժտել ժողովրդի վստահության նոր քվեով», - ասել է Կարամանլիսը։

Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա ընդդիմադիր սոցիալիստները համոզիչ հաղթանակ կտոնեին։ Նրանց վարկանիշը մոտ վեց տոկոսով բարձր է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ցուցանիշից։ Կառավարական աղբյուրները նշում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հունաստանում, ըստ ամենայնի, կկայանան հոկտեմբերի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG