Մատչելիության հղումներ

«Համալսարանը կուսակցական գործունեության տեղ չէ»


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը, 2-ը սեպտեմբերի, 2009 թ.
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը, 2-ը սեպտեմբերի, 2009 թ.

«Չեմ բացառում, որ ընդդիմադիր երիտասարդն էլ հայտնվի ուսխորհրդում։ Ես չեմ խառնվում ուսխորհդի գործերին, այն անկախ մարմին է։ Վստահ կարող եմ ասել, որ այնտեղ կուսակցականներ չկան”,- հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` հավելելով. - «Ինքս լինելով կուսակցական` մի սկզբունք եմ պահպանում` Համալսարանը կուսակցական գործունեության տեղ չէ։ Դրա դեմն առնելու եմ բոլոր միջոցներով»։

Մայր բուհի ուսանողների ճնշող մեծամասնությունը երեւանցիներ են. անփոփոխ այս տվյալն այս տարի էլ է պահպանվել։ ԵՊՀ ռեկտորը թեեւ ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներից դժգոհ չէ, բայց անհանգստացած է. տարեցտարի նվազում է հետաքրքրությունը այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, որոնք աշխարհում նոր թափով են սկսում զարգանալ, այդ թվում` ֆիզիկա, մեխանիկա, կենսաբանություն։ Առաջին անգամ թափուր են մնացել անգամ անվճար տեղեր` քիմիայի եւ էկոլոգիայի բաժիններում։

Հումանիտար մասնագիտություններից դիմորդներին ամենաքիչն են հետաքրքրել ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուների բանասիրությունը։ «Համատարած անգլերենամոլություն է», - բացատրեց ռեկտորը։

Կրեդիտային համակարգի ներդրումը բուհում արդեն ավարտված է, համալսարանի բակալավրիատում եւ մագիստրատուրայում ուսանողները ծանոթանում են նոր կրթակարգին։ Հիմա, ըստ ռեկտորի, ժամանակ է պետք, որ դասախոսները վերապատրաստվեն, հարմարվեն նորամուծություններին։

Արամ Սիմոնյանի տվյալներով, իր ղեկավարած բուհի շրջանավարտների կեսից ավելին չի կարողանում աշխատանք գտնել ստացած մասնագիտությամբ։ Ռեկտորը, սակայն, համոզված է, որ դա պատճառ չէ տեղերը կրճատելու համար. - «Ի վերջո բուհը միայն աշխատանք գտնելու համար չեն ավարտում»:

Իսկ տեղերն այս տարի ոչ միայն չեն կրճատվել, ճիշտ հակառակը, նախատեսվածից մոտ 500-ով ավելի ուսանող է ընդունել մայր բուհ՝ մոտ 3000 դիմորդ դարձել է ԵՊՀ ուսանող։

Պատժվու՞մ են արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների ուսանող զավակները դասերից բացակայելու համար։ Ռեկտոր Սիմոնյանը հավաստիացնում է` եթե լուրը հասնում է իրեն, ապա հաշվի չի առնում, թե ով է կարգազանց ուսանողի հայրը։
XS
SM
MD
LG