Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆ. «Հայ - թուրքական իրական հաշտեցումը տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը»


Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5 մայիսի, 2008
Ադամ Շիֆը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, 5 մայիսի, 2008
Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը` միաժամանակ լուրջ մտահոգություններ արտահայտելով նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների առնչությամբ:

Ընդգծելով, որ օգոստոսի 31-ի համաձայնությունը կարող է կարեւոր քայլ լինել Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման համար, եւ հույս հայտնելով, որ առաջիկա բանակցությունների արդյունքում լիակատար դիվանագիտական եւ առեւտրական կապեր կհաստատվեն երկու երկրների միջեւ եւ կբացվի սահմանը, հայամետ կոնգրեսականը, միաժամանակ, հիասթափություն է հայտնում, որ «արձանագրությունները կոչ են անում 1915-23 թվականների իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել պատմական հանձնաժողով»:

«Դա լիովին վարկաբեկված գաղափար է. գիտնականների միջեւ չկա բանավեճ այն առնչությամբ, որ հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին, եւ պատմական հանձնաժողովը ճշմարտությունը քողարկելու հերթական փորձն է», - ասված է Շիֆի հայտարարությունում, որոնք տարածել է կոնգրեսականի գրասենյակը:

«Չպետք է թույլ տալ Թուրքիային սրբագրել իր պատմության այդ ողբերգական մասը` Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների դիմաց», - համոզված է հայամետ կոնգրեսականը: - «Ճշմարիտ հաշտեցումը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ տեղի կունենա, երբ Թուրքիան կճանաչի 1915-23 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանությունը»:

«Հայոց ցեղասպանության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետեւանքը եղավ մեկեւկես միլիոն հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների մահը եւ այն վիշտը, որ իր սրտում կրում է հայ ժողովուրդը եւ որը չի կարող դարմանվել սոսկ դիվանագիտական հարաբերություններով», - իր հայտարարությունը եզրափակում է Ադամ Շիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG