Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 2-ի մամուլ


Մամուլն այսօր շարունակում է արձագանքել հայ-թուրք-շվեյցարական՝ մեծ աղմուկ հանած համատեղ հայտարարությանը:

«Հրապարակ» թերթի խմբագրականն այս առնչությամբ, մասնավորապես նշում է. - «Եթե մոռանանք նախապաշարումները եւ սառը նայենք կատարվող դեպքերին, պետք է արձանագրենք, որ մենք պատմական դեպքերի մասնակից են դառնում, հարյուրամյակներ ձգվող հակամարտության եւ թշնամության պատը կարծես փշրվում է, եւ հույս կա, որ այս տարածաշրջանում բարիդրացիության, տնտեսական փոխշահավետ համագործակցության եւ հարեւան երկրների ինտեգրման դրական գործընթացներ տեղի կունենան»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ի խմբագիրը. - «Հայտարարությունում ասված է, որ Հայաստանը եւ Թուրքիան նախարարների մակարդակով ձեւավորելու են միջկառավարական հանձնաժողով, որի ենթահանձնաժողովներից մեկը զբաղվելու է «պատմական հարթությամբ». «երկու ժողովուրդների միջեւ փոխվստահությանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման եւ առաջարկների ձեւակերպման համար»: Նման ձեւակերպումը, ինչ խոսք, ձեռնտու է թուրքերին. ամեն անգամ, երբ աշխարհի որեւէ երկրում քննարկվելու է Հայող ցեղասպանության խնդիրը, թուրքերը հնարավորություն ստացան ասելու. «Մի՞թե դուք չգիտեք, որ մենք հայերի հետ «պատմական հարթությամբ» երկխոսություն ենք վարում, մենք երկու պետություններով այդ հարցը կկարգավորենք, դուք մեզ մի խանգարեք»: Պարզ է, որ նման փաստարկներով իսկապես հնարավոր է խափանել ցանկացած երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Բայց պետք է վերջապես հստակեցնել՝ արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ պահանջատիրությունը այսօր մեր պետության ամենաառաջնակարգ եւ ամենահրատապ խնդիրներն են: Նրանք, ովքեր կպատասխանեն «այո» կամ «ոչ», արժանի են հարգանքի»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, նշելով, որ Հայաստանն այս հարցում անչափ զգույշ պետք է լինի, թվարկում է հայկական կողմի համար հնարավոր վտանգները: Ահա դրանցից մեկը. - «Փաստորեն հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացի եւ սահմանների բացման խնդրի լուծումը հետաձգվում է մինչեւ փաստաթղթերի վավերացման եւ վավերացված օրինակների փոխանակման պահը։ Եվ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է գործի դրվեն միայն վավերացված օրինակների փոխանակումից երկու ամիս անց։ Չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման հետեւյալ սցենարը. մինչեւ հոկտեմբերի կեսերը ծավալվող քննարկումները եւ ապա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը Թուրքիան օգտագործում է միջազգային ասպարեզում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պատրանքն ամրապնդելու եւ իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Դրանից հետո Թուրքիայի Ազգային Մեծ ժողովը, հիմնվելով, մի կողմից՝ քննարկումների ժամանակ արտահայտված իրարամերժ տեսակետների հետագա հստակեցման եւ մյուս կողմից՝ եղբայրական Ադրբեջանի Միլլի մեջլիսի կատեգորիկ պահանջի վրա, կրկին ասպարեզ է բերում Թուրքիայի «Ղարաբաղյան նախապայմանը» եւ հետաձգում հոկտեմբերի կեսերին ստորագրված փաստաթղթերի մի մասի վավերացումը»։

«Ազգ» թերթից տեղեկանում ենք խնդրո առարկա փաստաթղթի հանդեպ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Միացյալ Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի վարչության վերաբերմունքին. - «Ողջունելով երկու երկրների միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ կատարվող քայլերը, ՌԱԿ վարչությունը գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունների եւ սահմանների բացման գործընթացը հաջող ավարտ ունենալու դեպքում՝ Հայաստանի կառավարությունը կարեւոր հաղթանակ է արձանագրելու, որի կապակցությամբ ՌԱԿ վարչությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում: Հաղորդագրությունը շեշտում է, որ ՌԱԿ-ը շարունակելու է պայքարը ի խնդիր Ցեղասպանության միջազգային ճանաչման»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Հնարավոր է, որ Հայաստանում շուտով կիրառության մեջ մտնի նոր տեղական հարկ: ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ տեղական համայնքներին իրավունք է վերապահվում վարձավճար գանձել համայնքի տարածքում մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար: Վարձավճարի գինը սահմանվել է 150-200 հազար դրամ՝ 1 տարվա համար: Ամենայն հավանականությամբ՝ կառավարության առաջիկա նիստում այս նախագիծը հավանության կարժանանա եւ օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ գազալցակայանների հարկման շուրջ Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ արդեն իսկ լուրջ բանավեճ է տեղի ունեցել խորհրդարանի գարնանային նստաշրջանում: Այն ժամանակ 30 պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը, չնայած կառավարության առարկություններին, ԱԺ-ում հաստատվեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG