Մատչելիության հղումներ

Ճապոնիայի իշխող կուսակցությունը պարտվեց ընտրություններում


Ճապոնիայում շուրջ կես հարյուրամյակ իշխող Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել կիարկի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում:

Նախնական տվյալներով` խորհրդարանի ստորին պալատի 480 տեղերից 308-ը կզբաղեցնի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը:

Ճապոնիայի վարչապետ Թարո Ասոն հայտարարել է, որ հրաժարական է տալու Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնից:

Ակնկալվում է, որ նորընտիր խորհրդարանը երկու շաբաթից կայանալիք առաջին նիստում վարչապետի պաշտոնում կհաստատի դեմոկրատների առաջնորդ Յուկիո Հատոյամային:

Նորընտիր դեմոկրատները խոստանում են փոփոխություններ` տնտեսության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում:

Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով նրանք խոստանում են նվազեցնել հարկերը, բարձրացնել նվազագույն աշխատավարձը, զարկ տալ սոցիալական ծրագրերին:

Բացի այդ,Յուկիո Հատոյաման մտադիր է վերանայել Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը եւ սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

Ռուսաստանի հետ Ճապոնիայի հարաբերությունները լարված են մնում Հարավկուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճի պատճառով: Կուրիլյան կղզիախմբի ծովամթերքներով հարուստ հարավային 4 կղզիները իրենցն են համարում ե'ւ Ճապոնիան, ե'ւ Ռուսաստանը:

Այս կղզիների պատկանելության վերաբերյալ բավական կոշտ վերաբերմունք ուներ Ճապոնիայի նախկին իշխանությունը` Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը: Այս տարվա հուլիսին խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ կատարեց, որով Հարավկուրիլյան կղզիները համարվեցին ճապոնական տարածք: Այս քայլը խիստ քննադատության արժանացավ Ռուսաստանի արտգործնախարարության կողմից:

Ճապոնիայում այժմ Իշխանության եկած դեմոկրատները իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել են փոխել արտաքին քաղաքականությունը:

Ռուսաստանը, սակայն, առանձնապես մեծ հույսեր չունի, որ Ճապոնիան արագորեն կփոխի իր քաղաքականությունը վիճելի տարածքների վերաբերյալ. նման կարծիք են այսօր արտահայտել Ռուսաստանի պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը եւ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG