Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ես չեմ տեսնում պայմանավորվածությունների կատարման ձգտում Թուրքիայի կողմից»


«Մենք ունենք պայմանա - վորվածություններ, եւ ես կարծում եմ, որ նորմալ եւ ճիշտ ճանապարհը այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվա - ծությունները: Ցավոք, ես մինչ օրս չեմ տեսել մեծ ցանկություն կամ ձգտում այդ պայմանավորվածությունների կատարման», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` BBC-ին տված հարցազրույցում պատասխանելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցին:

Նա վերահաստատել է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա մեկնելու վերաբերյալ վերջերս իր արած հայտարարությունը. - «Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին, եւ հայտարարել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա այդ խաղին, եթե մեր սահմանը արդեն բաց լինի, կամ էլ մենք գտնվենք դրա շեմին: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները` դա կլինի մի բան, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան»:

«Մեր ցանկությունը նույնն է` հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների», - վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

BBC-ի հարցին` «Պատրա՞ստ եք արդյոք զիջումների գնալ 1915 թվականի իրադարձությունների հարցում, եւ կանվանի՞ արդյոք Թուրքիան այդ իրադարձությունները ցեղասպանություն», Հայաստանի նախագահը արձագանքել է. - «Իհարկե, դա շատ կարեւոր է, կարեւոր է մեր ժողովրդի, կարեւոր է Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար. կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի, կարեւոր է, որ մեր ժողովուրդները կարողանան հաստատել նորմալ հարաբերություններ եւ, վերջապես, կարեւոր է, որ դա ապագայում չկրկնվի: Սակայն մենք չենք դիտում ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման»:

«Այսինքն, գոյություն ունի փոխզիջման հնարավորությո՞ւն», - այս հարցին Սերժ Սարգսյանը հակադարձել է. - «Ոչ, դա չի կարելի անվանել փոխզիջում: Դա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին: Մենք ասում ենք` այո, եղել է ցեղասպանություն, եւ անկախ նրանից` ընդունում է արդյոք Թուրքիան դա այսօր, կա փաստ, որը ճանաչված է ցեղասպանությունների հարցերով զբաղվող բոլոր մասնագետների կողմից աշխարհում, ճանաչված է աշխարհի շատ եւ շատ երկրների կողմից: Սակայն ներկայիս պայմաններում մենք դա չենք ճանաչում նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG