Մատչելիության հղումներ

Օգոստոսի 25-ի մամուլ


«Առավոտ»-ը իր խմբագրականում ընդգծում է. - «Ղարաբաղի հարցում քաղաքական եւ պետական գործիչները բաժանվում են ոչ թե «դավաճանների» եւ «հայրենասերների», «տվողների» եւ «չտվողների», «պարտվողականների» եւ «հաղթողականների», «պատերազմի» եւ «խաղաղության» կուսակցությունների, այլ շատ ավելի հստակ. ա/ նրանց, ովքեր ուզում են այդ հարցը լուծել, եւ բ/ նրանց, ովքեր դա չեն ուզում»:

«Ազգ»-ը, հղում անելով «Արմենպրես»-ին, մեջբերում է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանի խոսքերը. - «Ադրբեջանը չպետք Է հույս ունենա, թե Արեւմուտքը կամ ԱՄՆ-ը կլուծեն հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունը: Հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան հակամարտությունը կախված Է հակամարտող կողմերից: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կանոնավոր հանդիպումներն ամբողջությամբ վերցված ապացուցում են, որ Մինսկի խումբն աշխատում Է նպատակամիտված»: Գրոսմանը ելույթ է ունեցել մի միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել Էր Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում: Ամերիկացի դիվանագետը հավելել Է, որ այս հարցում ԱՄՆ-ը պաշտպանում Է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Առավոտ»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչը կարող է լուրջ ազդակ դառնալ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դառնա ընդդիմություն՝ տնտեսությո՞ւնը, արտաքին իրավիճա՞կը, Ռոբերտ Քոչարյանի ակտիվանա՞լը»: Պատգամավորը պատասխանում է. - «Այդ առանձին պահերը, որ դուք նշում եք, ես չեմ ուզում հիմք ընդունել «Բարգավաճ Հայաստան»-ի կեցվածքը փոխելու առումով: Ես հասկանում եմ այսպես. «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է կտրուկ քայլեր մտածել, երբ որ մեր երկրի շահերը սարսափելի ստորադասվում են, մեր երկրի բարեկեցությունը վտանգվում է: Այսօր մենք տեսնում ենք, որ համամարդկային արժեքների դաշտից հեռանում ենք: Նման իրավիճակում ոչ միայն «Բարգավաճ Հայաստան»-ը, այլեւ ցանկացած խումբ կամ միություն պետք է իր համապատասխան կեցվածքն ընդունի»: Իսկ հարցին, թե հնարավոր համարում է արտահերթ ընտրությունները Բոստանջյանը պատասխանում է. - «Ինչո՞ւ ոչ»: «Գոնե այս պահի դրությամբ դրա ռեալության մասին չեմ կարող բան ասել», - շարունակում է նա: - «Բայց մեր իրավիճակում գտնվող երկրի համար բացառված չէ, որ հենց վաղը մենք ռեալ խոսենք արտահերթ ընտրությունների մասին»:

«Տարեգիր» թերթին քաղաքական էլիտա ձեւավորելու վերաբերյալ իր մեկնաբանություններն է տվել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը: Նա ասում է. - «Գիտե՞ք ինչ, քաղաքական էլիտա այսպես թե այնպես՝ կա: Ուղղակի դրանց չի կարելի համարել ընտրախավ, որովհետեւ նրանց ոչ ոք չի ընտրել, եւ նրանք ընտրանի չեն: Այսինքն՝ դա հակաընտրախավ է, որն իր ձեռքերում է պահում բոլոր լծակները: Կայացած քաղաքական կուսակցություններ ես չեմ տեսնում Հայաստանում: Ես տեսնում եմ քաղաքական ավանդույթ ունեցող մի կուսակցություն. Դաշնակցությունն է, որն առ այսօր չի կայացել: Իր ավանդույթներն արդեն հակաավանդույթներ են, որովհետեւ 19-րդ դարի գաղափարներն այսօր վտանգավոր են մեր պետության համար: Այսօր իշխող Հանրապետական կուսակցությունն հակահանրապետական է իր էությամբ, մտածողությամբ, գործունեությամբ: Ինչ վերաբերում է լիբերալ ուժերին, ապա լիբերալ բարեփոխումները միայն Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ եմ տեսել: Նույն Բագրատյանը ժամանակին մեծ դիմակայության էր հանդիպում իշխանության մյուս թեւերի կողմից»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է արվեստագետ Ժիրայր Դադասյանի հետ: Նա ասում է. - «Պետք է հասարակության կրթությամբ զբաղվենք, լուսավորչական գործունեություն իրականացնենք։ Պիտի հրաման արձակվի՝ արգելվո՛ւմ է համերգասրահներում ռաբիս երաժշտությունը։ Ով ուզում է լինի, ինչքան փող ուզում է տա։ Ազգային ժողովում օրենք պիտի ընդունվի, պարտադրվի։ Ո՞նց են ամրագոտիները պարտադրվում։ Ոնց որ «ռեմենն» են պարտադրում, ասելով, որ անվտանգության համար է, մեր հոգեւոր անվտանգության համար էլ ռաբիսը պիտի արգելվի, որովհետեւ այն բթացնում է մարդկանց»:

tert.am-ը տեղեկացնում է. - «Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտնվել է Եվրամիության ավելի քան 4 հազ. ավիափոխադրող ներառող ցուցակում, որոնք 2012-ից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները։ Հակառակ պարագայում այդ ընկերութունների, այդ թվում՝ «Արմավիայի» ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր։ Բացի հայկական ավիաընկերությունից՝ ԵՄ-ի ցուցակում հայտնվել է նաև ռուսական շուրջ 100 ընկերություն, այդ թվում՝ «Աերոֆլոտ» և S7 ընկերությունները։ Ցուցակում է նաև գերմանական Lufthansa-ն, իտալական Alitalia-ն, իսպանական Quantas-ն ու ֆրանս-նիդեռլանդական KLM-ը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG