Մատչելիության հղումներ

Բողոքում են «Պրոմեթեյ քիմպրոմ»-ի բանվորները


Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» գործարանի աշխատողները երկուշաբթի օրը ընկերության դարպասներից ներս չէին անցնում՝ բողոքում էին՝ չստացած աշխատավարձերի համար:

«Մենք ուզում ենք, որ Սերժի [նախագահ Սերժ Սարգսյանի] ասածները, որ ամեն ամիս աշխատավարձերը պիտի ստանանք, այդ խոստումները կատարվեն: Ինքը ասել է, որ ամեն ամիս պիտի ստանանք: Բայց այսօրվա դրությամբ մենք վեց ամիս աշխատավարձ չենք ստացել», - ասաց բանվորներից մեկը:

«Վարչապետը սկզբից խոստացավ, որ մեզ փող են հատկացնելու ռուսական 500 միլիոնից», - շարունակեց մեկ ուրիշ բանվոր: - «Սաղ Հայաստանով մեկ իմացան, որ խիմզավոդին դրանից փող են տալու: Հենց փողը ստացան, արդեն եկավ ստեղ ու ասավ՝ ոչ, չեմ տալու»:

Վերջին աշխատավարձը ստացել են անցած ուրբաթ՝ այն էլ, ինչպես աշխատողներն են ասում, տրվել է իրենց բողոքը կանխելու համար. - «Ուրբաթ օրը երեւի իմացել են, որ նման բան ենք կազմակերպում, մարտ ամսվա աշխատավարձ են տվել»:

Քիմպրոմցիները բողոքում են չստացած աշխատավարձերի, խանութում ունեցած պարտքացուցակների, գոյատեւելու միջոցներից զուրկ լինելու համար:

Բանվորներից Պարույր Հարությունյանը զայրացած պատմում էր իր եւ գործընկերների ազատման մասին. - «Հունիսի 31-ին ազատել են աշխատանքից՝ առանց իմ իմանալու»:

Տարեց բանվորներից մեկն էլ բողոքում էր գործարանի ալան-թալանից. - «Հիմքից գործարանը քանդվում է: Լացս գալիս է, որ տեսնում են, որ քանդում են: Ղեկավարությունը... քանդում-տանում են»:

Ընկերության տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը քաղաքում չէր: Ըստ նրա օգնական Արթուր Ստեփանյանի, գնացել է Երեւան՝ բանկերից վարկ վերցնելու:

Ստեփանյանը բանվորներին հորդորում էր համբերել. - «Ես էլ հինգ ամիս աշխատավարձ չեմ ստացել ձեզ նման»:

Վանաձորի «Քիմպրոմ»-ը անցած տարեվերջից դադարեցրեց կարբիդի արտադրությունը՝ միջազգային շուկայում գների կտրուկ անկման պատճառով: Ղեկավարությունն ասում է, որ հնարավոր է աշնանը կրկին կարբիդ արտահանեն՝ բանակցություններ են ընթանում իտալական մի ընկերության հետ: Կարբիդից բացի, ընկերությունը դադարեցրել է նաեւ կորունդի արտադրությունը՝ կրկին ճգնաժամի պատճառով:

Կալիումական պարարտանյութերի առաջին խմբաքանակն ուղարկվել է գյուղացիական տնտեսություններին՝ այժմ արտադրությունը պատրաստ է 95 տոկոսով:

«Քիմպրոմ»-ի բանվորները որոշեցին համբերել եւս 1 շաբաթ՝ չնայած չեն հավատում ղեկավարության խոստումներին՝ մեկշաբաթյա սպասման խոստումներ էլի են հնչել:

Ընկերության պարտքն իր աշխատողներն անցնում է 100 միլիոն դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG